ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախընտրական քարոզարշավի մեկնարկին որոշ ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ տեղի ունեցած միջադեպերը քաղաքական բնույթի չի համարում, այլ՝ կենցաղային: Այսօր՝ մարտի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում նա անդրադառնալով Արարատի մարզում վերջերս  ՀՀԿ-ական թեկնածուների եւ ԲՀԿ-ի թիմակիցների միջեւ տեղի ուենցած միջադեպերին, նշեց, որ իրավաահ մարմինները կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

«Կենցաղային միջադեպերը չենք քաղաքականացնում, դրանցով զբաղվում են իրավապահ մարմինները: Բնական է, որ անընդունելի ենք համարում ֆիզիկական ուժի գործադրում եւ ոչ միայն՝ գրված եւ չգրված օրենքներով արգելված մեթոդների գործադրումը քարոզարշավի ընթացքում: Կոնկրետ այդ դեպքերով իրավապահ մարմիններն են զբաղվում, հասկանում եմ, որ լրատվամիջոցները ավելի են թեժացնում, փորձում խնդիրներ փնտրել: Գուցե այդ խնդիրների մի մասը կա, որովհետեւ ռեյտինգային քվերակություն է, կա մրցակցություն որոշ թեկնածուների միջեւ, սա նորմալ է այնքան ժամանակ, որքան տեղավորվում է օրենքի շրջանակներում»,-ասաց նա:

Ավելի վաղ մամուլում գրվել էր, որ Հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի եւ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջեւ բախումներ են եղել: Վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը՝ նշելով, որ խորհրդարանական ընտրություններին պաշտպանելու են նրա թեկնածությունը: Իսկ ավելի ուշ Մասիսում՝ Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ  դանակահարվել է «Ծառուկյան» դաշինքի ակտիվիստը՝ ՀՀԿ շտաբի պետի կողմից: