«Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքն այսօր՝ մարտի 5-ին, ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը: Այն «Մոսկվա» կինոթատրոնում հրավիրված հանդիպման ժամանակ ներկայացրեց դաշինքի ընտրական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Մարգարյանը:

Ստեփան Մարգարյանի խոսքով, ծրագրի առանցքային կետերն են՝ առաջինը, բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը՝ հասցնելով 240 հազար դրամի, իսկ սպայական եւ ենթասպայական կազմերինը՝ 320 հազարից դարձնելով 480 հազար դրամ:

«Այս փոփոխությունները բյուջեի վրա կնստեն առավելագույնը 50 մլրդ դրամ, արդյունքում պայմանագրային զինծառայողների թիվը կարելի է ավելացնել եւ 18 տարեկան զինծառայողներին աստիճանաբար զերծ պահել առաջին գծում ծառայելուց: Երկրորդ, պետք է ներդնել մայրական կապիտալը: Այն մայրերին իրական աջակցության ծրագիր է, լրիվ իրատեսական՝ առաջին երեխայի հատկացնել 100 հազար դրամ, երկրորդին՝ 500 հազար դրամ, երրորդինը՝ 1 մլն դրամ, 4-րդ երեխայինը՝ 2 մլն դրամ: 4-րդ երեխայի ծնունդից հետո ձեւավորել 3 մլն դրամանոց մայրական կապիտալի անձնական հիմնադրամ, որը ծնողը կարող է օգտագործել իր իսկ ցանկությամբ: Երեխայի ծնվելուց հետո մայրերին հատկացվող ամենամսյա վճարները 18 հազար դրամից պետք է դարձնել 30 հազար դրամ, իսկ ժամկետը՝ 2 տարուց դարձնել 3 տարի»,- ասաց նա:

3-րդ կարեւորագույն կետը, ըստ Ստեփան Մարգարյանի, վերաբերում է փոքր բիզնեսը խթանելուն. անհրաժեշտ է մինչեւ 60 մլն դրամ շրջանառության դեպքում ազատել բոլոր տեսակի հարկերից, իսկ նոր հիմնվող բիզնեսի համար պետք է աջակցության մեխանիզմներ ներդնել: Միեւնույն ժամանակ, դաշինքն առաջարկում է փոքր բիզնեսի խթանման համար արգելել նոր խոշոր սուպերմարկետների կառուցումը որոշ վարչական շրջաններում, իսկ գործող սուպերմարկետների համար սահմանել աշխատանքային ժամը մինչեւ 21:00-ն, որ դրանից հետո մարդիկ առեւտուր անեն փոքր խանութներից:

«Պետք է վերացնել կարմիր գծերի եւ արագաչափերի հետ կապված բոլոր տույժ- տուգանքները: Այս ոլորտն ունի լուրջ կարգավորման անհրաժեշտոթյուն: Տաքսի եւ ինտերնետային տաքսի ծառայւթյունները պետք է ունենան նույն կարգավիճակը, իսկ մինչեւ 60 մլն դրամ շրջանառություն ունեցողներին պետք է կրկին ազատել հարկերից: Սահմանամերձ գյուղերի համար զարգացման ծրագրեր պետք է մշակել, մենք ստեղծելու հատուկ ծրագրեր այդ համայնքների համար»,- նշեց նա:

Ստեփան Մարգարյանի խոսքով, կենսաթոշակները, ուսուցիչների, գիտաշխատողների դասախոսների, բուժաշխատողների պետական աշխատավարձերը նույնպես պետք է վերանայել. դրանք շատ ցածր են գործող սպառողական գների համեմատ. «Որպես առաջին քայլ՝ մարդկանց ֆիքսված եկամուտները գոնե գնաճից ապահովագրելու համար պետական աշխատավարձերն ու կենսաթոշակները պարտադիր կերպով պետք է ինդեքսավորվեն տարվա պաշտոնական արժեզրկման չափով»:

Դաշինքն առաջարկում է նաեւ վերանայել 2018թ.-ից ուժի մեջ մտնող նոր Հարկային օրենսգիրքը, քանի որ այն աղետալի հետեւանքներ կթողնի տնտեսության վրա: Նրանք առաջարկում են շրջանառության հարկի դրույքաչափը պահպանել մինչեւ 115 մլն դրամի սահմաններում, իսկ մինչեւ 60 մլն դրամ շրջանառություն ունեցողներին կրկին ազատել հարկերից:

«Ավելացված արժեքի հարկ պետք է 20 տոկոսից իջեցնել 18 տոկոսի: Մաքսակետերում պետք է ազատվել հսկիչ գների ինստիտուտից, որոնք կամայական որոշումների հնարավորություն են տալիս չինովնիկներին: Այսօր կարեւորագույն հարց է նաեւ հազարավոր քաղաքացիների վարկային բեռը: Որպես առաջին քայլ անհրաժեշտ է վերանայել տույժ-տուգանքների սկզբունքը՝ ընդհուպ չեղարկելով դրանք»,- ասաց Ստեփան Մարգարյանը: