Հայաստանը պետք է դառնա Եվրամիության լիիրավ անդամ: Մարտի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու, կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի առաջընթացը պետք է տեսնել բացառապես արեւմտյան զարգացած երկրների հետ հարաբերությունների խորացման ենթատեքստում: «Եվրասիական տնտեսական միության կազմում անվտանգության ապահովման հնարավորությունների մասին խոսակցությունների ֆոնին մենք տեսանք, թե ապրիլյան օրերին ինչպես արտահայտվեց Ռուսաստանի փոխվարչապետը՝ պնդելով, որ Մոսկվան այսուհետեւ եւս Ադրբեջանին զենք կվաճառի: Մենք ինտեգրվել ենք մի միության, որը ոչ միայն օգուտ չի տալիս, այլեւ այնտեղ ոտնահարվում են մեր քաղաքական եւ տնտեսական շահերը, չի լուծվում մեր անվտանգության հարցը»,- նշեց Խաչատրյանը: