ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է հիպոտեքային վարկով մատչելի բնակարան ծրագրի բոլոր շահառուների համար ապահովել հավասար պայմաններ՝ կապված վարկի տոկոսների գումարի չափով եկամտահարկից գումարները հետ ստանալու հետ: Այս մասին, այսօր, մարտի 17–ին, Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովի ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Մասնավոերապես, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակում Պարույր Սեւակի 8 եւ 8/1 շենքերի շահառուներից մի մասն օգտվում է եկամտային հարկի մասին ՀՀ օրենքում լրացումից, եւ հիպոտեքային հարկի տոկոսների գումարի չափով հետ են ստանում վճարված եկամտային հարկից, իսկ մյուս մասը՝ ոչ։

Սերժ Սարգսյանը նախ նշեց, որ առաջին անգամ է լսում այդ պրոբլեմի մասին, ապա հավելեց. «Արժե զբաղվել այս խնդրով, եւ կարծում եմ, որ մենք դրական մոտեցում կարող ենք ունենալ։ Միգուցե, օրենքի դրույթները հնարավոր չէ տարածել այն շահառուների վրա, ովքեր օրենքի ընդունելուց առաջ են ունեցել այդ պայմանագրային հարաբերությունները, բայց մենք հնարավորություններ կգտնենք, որպեսզի նրանք լինեն հավասար պայմաններում։ Իսկ եթե հնարավոր լինի օրենքի դրույթները տարածել, այդ փոփոխությունը կմտցնենք։ Այնպես որ, սա մենք լրացուցիչ կուսումնասիրենք, եւ ձեզ կասենք։ Բայց նորից եմ ասում, մենք այդ ծրագիրն արել ենք նրա համար, որպեսզի կարողանանք օժանդակել երիտասարդ գիտնականներին այդ հոգսից ձերբազատվելու։ Եվ եթե լրացուցիչ անելիք կա, անպայման կանենք, եւ նրանք կձերբազատվեն այդ հոգսից»։