Զիյեդ բեն Բելգասեմը, որը Օռլի օդանավակայանում հարձակվել էր զինվորական պարեկախմբի վրա, հարձակման պահին եղել է թմրադեղերի ու ոգելից խմիչքի ազդեցության տակ, հայտնում է AFP-ն ՝ վկայակոչելով դատական աղբյուրը։

Տոքսիկոլոգիական անալիզի արդյունքները հարձակվողի արյան մեջ հայտնաբերել են կոկաինի, կանաբիսի , նաեւ ալկոհոլի հետքեր։

Այն մասին, որ Բելգասեմը ալկոհոլ ու թմրադեղեր էր օգտագործում, մինչ այդ ոստիկանությանը հայտնել էր նաեւ նրա հայրը։ «Որդիս երբեք ահաբեկիչ չի եղել։ Երբեք չի աղոթել ու խմել է։ Ահա թե ինչ է տեղի ունենում ալկոհոլի ու կաննաբիսի պատճառով»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Բելգասեմը հարձակվել էր փարիզյան օդանավակայանի զինվորական պարեկախմբի վրա։ Նա զինվորականներից մեկից փորձել էր խլել ինքնաձիգը, բայց մյուս երկու զինվորականները կրակել ու սպանել էին հանցագործին։ Թունիսական ծագումով 39-ամյա ֆրանսիացի Զիյադ բեն Բելգասեմը մինչ այդ բազմիցս դատապարտվել էր ազատազրկման զինված կողոպուտների ու թմրաթրաֆիկի համար։ Հայտնում են, որ բանտում նա արմատական հայացքներ էր ձեռք բերել։

Օռլիում հարձակման ժամանակ նա բղավում էր, որ «պատրաստ է մահանալ հանուն Ալլահի»։ Առայժմ հայտնի չէ, նա հանցակիցներ ունեցել է , թե ոչ։ Կատարվածի փաստով հարուցվել է քրեական գործ ահաբեկչության մասին հոդվածով։