Ադրբեջանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ արցախյան հարցը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել։ Այս մասին մարտի 22-ին հայտարարել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից պատգամավորի թեկնածու, Հայաստանի ժողովորդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը՝ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում։

Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները։

«Դրանք չպետք  առանց հետեւանքների ու պատասխանների մնան։ Խաղաղության հաստատումը կնպաստի տնտեսության զարգացմանը, մեր երկրի առջեւ նոր նախադրյալներ կբացի, կնպաստի ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի բացմանը։ Բայց խաղաղություն հաստատելու հետ մեկտեղ մենք նաեւ պետք է արդարություն հաստատենք մեր երկրում», - ընդգծել է Դեմիրճյանը։

Ըստ նրա՝ ազնիվ կառավարումը հարցերի հարցն է։ «Հայաստանին ընտրված, ազնիվ իշխանություն է անհրաժեշտ, եւ այսօրվա ծանր դրությունը չի կարելի արդարացնել արտաքին գործոններով, արցախյան հակամարտությամբ, Ռուսաստանում տնտեսական դրության վատթարացմամբ», - հավելել է Ստեփան Դեմիրճյանը։