Ինձ դժվար չէր դժվարությունները տանել, քանի որ ուշ թե շուտ իմ հնարավորությունը ստանալու էի: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, Ֆուտբոլի ակադեմիայում կայացած Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի եւ մարզչի պարգեւատրման արարողությունից հետո  լրագրողների հետ զրույցում նշել է Հենրիխ Մխիթարյանը:

Լավագույնը ճանաչվելու մասին

Ուրախ եմ, որ կրկին դարձել եմ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մրցանակը հետագայում ինձ ուժ կտա եւ  կփորձեմ ամեն բան անել որպեսզի նորից արժանանամ այս մրցանակին:

Երկրպագուների սպասելիքների մասին

Երկրպագուների սպասելիքները միշտ մեծ են: Բոլորն էլ հաղթանակ են սպասում: Նախորդ խաղը տպավորիչ ստացվեց եւ բնական է, որ այս անգամ էլ պետք է խաղանք հաղթանակի համար:

Մարզավիճակի մասին

Փոքր վնասվածք ունեի՝ չնայած պահեստայինների թվում էի: Փառք Աստծու, հիմա ամեն ինչ կարգին է:

Հայաստանում տաղանդավոր երիտասարդների մասին

Շատ չեմ հետեւում Հայաստանի առաջնության խաղերին: Եթե լինեն տաղանդավոր խաղացողներ, շատ ուրախ կլինեմ, որպեսզի փոխարինեն մեր սերնդին:

Մրցակցություն միշտ կա: Կարեւոր չէ, թե քանի  անգամ եմ դառնում լավագույն ֆուտբոլիստ: Ես չեմ  խաղում  Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար, այլ իմ համար, իմ ազգի համար: Ուզում եմ Հայաստանը բարձր պահել աշխարհում, բոլորը իմանան մեր երկրի մասին:

«Մանչեսթեր Յունայթեդի» մասին

Բոլորը պետք է կարողանան անցնել դժվարությունների միջով:  Ինձ դժվար չէր դժվարությունները տանել, քանի որ ուշ թե շուտ իմ հնարավորությունը ստանալու էի: Վերջում ստացա արդյունքը: Փորձում եմ օգտակար լինել թիմին:

Ղազախստանի հավաքականի մասին

Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են: Պետք է տեսնենք, թե ինչպես ենք ուսումնասիրել մրցակցին  եւ որքանով ենք պատրաստ: Մարզիչն ամեն ինչ կներկայացնի եւ կօգնի մեզ: