Հուսով եմ, որ Գևորգի մոտ ոչ մի լուրջ բան չկա և շուտով կվերադառնա խաղադաշտ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի  ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը ԱԱ-2018 ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան խաղից հետո (2-0)` անդրադառնալով Գևորգ Ղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

Անդրադառնալով խաղին՝ Օզբիլիզը նշեց, որ դա կարևոր հաղթանակ էր: «Անընդհատ աշխատում եմ մարզավիճակս լավացնելու համար: Խաղից հետո բոլորս համ ուրախ էինք, բայց նաև տխուր Գևորգի համար»,-ասաց նա, հավելելով, որ արել են առավելագույնը երկրպագուներին երջանկացնելու համար:

«Նրանք շատ լավն էին և մեզ աջակցեցին»,-ասաց Օզբիլիզը:

Ինչ վերաբերում է ակումբը փոխելու մասին լուրերին, նա ասաց, որ այժմ կենտրոնացած է իր ակումբի վրա: «Երկրորդ թիմում էի հանդես գալիս, քանի որ մեկնարկային տեղի համար մեծ  մրցակցություն կա, մենք շատ լավ խաղացողներ ունենք թիմում, ես էլ ծանր վնասվածք ունեի, հիմա աշխատում եմ, որ մարզավիճակս վերադարձնեմ»,- ասաց Օզբիլիզը: