ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 27-ին ընդունեց «ՏՐԱՍԵԿԱ» Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Միրչեա Չոպրագային:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՏՐԱՍԵԿԱ»-ն միջազգային տրանսպորտային ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունն ու Արեւելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 14 անդամ-պետություններ: ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» ազգային հանձնաժողովի նախագահը Վահան Մարտիրոսյանն է:

Ողջունելով հյուրին` նախարարը կարեւորեց Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային  միջանցքի շրջանակում բազմակողմ տնտեսական գործակցության հետագա խթանումը:

Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել անդամ-պետություններին` ստորագրված համաձայնագրերին առանց որեւէ պայմանների կամ քաղաքականացված վերապահումների միանալու գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մուլտիմոդալ փոխադրումների եւ դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ Միրչեա Չոպրագան հայտնեց, որ Միջկառավարական հանձնաժողովը պատրաստակամ է ընդունել հայկական կողմի առաջարկությունները` անդամ-պետությունների հետ տնտեսական եւ տրանսպորտային կապը զարգացման նպատակով:

Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ»-ի հաջորդ նախագահող երկիրն է: