Ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր եւ մենակատար Սերժ Թանկյանն այսօր՝ մարտի 29-ին ժամանել է Երեւան: Թանկյանը ժամանել է ամերիկյան ռեժիսոր Էրիկ Նազարյանի ուղեկցությամբ եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մտադիր է դիտորդ լինել:

Ավելի վաղ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հայտնել էր, որ Սերժ Թանկյանն ու իր ամուսինը՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանը մարտի վերջին ժամանելու են Հայաստան: «Մենք դիտորդական առաքելություն ենք իրականացնելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բացի Թանկյանից, Նազարյանից, Էգոյանից եւ ինձնից՝ շատ մարդիկ են մեզ արձագանքել եւ ապրիլի 2-ին լինելու են Հայաստանում»,- ասել էր նա:

Նշենք, որ մի խումբ հայտնի սփյուռքահայ մտավորականներ 2016թ. սեպտեմբերին ստեղծել են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Նախաձեռնությունը մտադիր է մինչեւ ապրիլ վերապատրաստել սփյուռքահայ դիտորդների, որոնք կժամանեն Հայաստան` հետեւելու ընտրությունների ընթացքին: