Ընտրակաշառք բաժանելը ուղղակի նվիրատվություն է: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոփխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Լինեն հանրապետականները, կամ մեկ այլ կուսկացության ներկայացուցիչները, բարձրաձայնում եմ եւ խնդրում եմ, որ տարածեք, հասցրեք մեր հանրությանը, որ ով այսօր ցանկություն ունի ընտրակաշառք բաժանելու, նա անում է բարեգործություն: Ուրեմն նա մի մարդ է, ով պարզապես զբաղված է նվիրատվությամբ, պարզապես նվերներ է տալիս, առանց որեւէ հույս ունենալու, որ այդկերպ կգնի քվե: Բարեգործություն անելը չունի դրա համար ոչ մի մեխանիզմ, ոչ մի միջոց, չունի ընտրական օրենսգրքում որեւէ ձեւ, որով կարողանա ընտրակաշառքը տալուց հետո ինչ-որ ձեւ ստուգի կամ վերահսկի, որ կաշառք վերցնող մարդիկ ընտրել են հենց իր օգտին: Ընտրակաշառք բաժանելը ուղղակի նվիրատվություն է»,-ասաց նա:

Նաղդալյանը նկատեց, որ որեւէ ընտրակաշառք տալիս մարդկանց չեն պարտադրում տվյալ քաղաքական ուժին կամ թեկնածուի օգտին քվեարկելն. «Ով որ ուզում է ընտրակաշառք տալ, թող տա, ով որ ուզում է ընտրակաշառք վերցնել, թող վերցնի, ու թող գնա ընտրի այնպես ինչպես իր կամքն է թելադրում»:

Հարցին, թե նորմա՞լ է համարում ընտրակաշառք բաժանելը, թե ոչ, Հերմինե Նախդալյանն արձագանքեց. «Եթե նորմալ համարեինք ընտրակաշառքը, ապա այդ ընտրակաշառքի համար գոյություն ունեցող մեխանիզմները, դրա հիմքերը օրենսդրական աշխատանքի արդյունքում չէինք վերացնի ընտրական օրենսգրքում»: