Խալափյանների ընտանիքի տունը Թալիշ գյուղի եզրին է գտնվում։ Դրանից հետո միայն բլուրներ են։ Հենց այդ հանգամանքն է դարձել այն արյունոտ ողբերգության պատճառներից մեկը, որը տեղի է ունեցել այստեղ մեկ տարի առաջ։ 2016 թ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները լայնածավալ ագրեսիա են սկսել, ու մարդասպանների մի մասը հասել է Թալիշ գյուղի ծայրամաս։ Հանցագործների զոհերն են դարձել երեք տարեց մարդիկ, որոնք չէին հասցրել ժամանակին հեռանալ գյուղից։ Նույնիսկ մեկ տարի անց սարսափելի է մտնել Խալափյանների ընտանիքի կրտսեր սերնդի կողմից լքված այս տունը։

Տան առջեւ, որը նայում է դեպի ադրբեջանական կողմից գնդակոծվող փողոց մի բզկտված սպիտակ բազմոց է դրված։ Հավանաբար այստեղ ծերունիները հանգստանում էին ամառային երեկոներին ։ Մի քանի աստիճաններ տանում են դեպի տուն։ Փոքր նախասրահ, որից հետո հյուրասենյակն է, որտեղ էլ հենց եղել են դաժանաբար սպանված Վալերա Խալափյանն ու նրա կինը՝ Ռազմելան, նաեւ 92-ամյա Մարուսյա Խալափյանը։ Չարագործները կտրել էին ծերունիների ականջները։ Այն ժամանակ, մեկ տարի առաջ, լրատվամիջոցներում տարածվեցին վարդագույն պատերով սենյակի, սպանված ծերունիների ու սպիտակ դռան վրա արյան ահասարսուռ լուսանկարները։

Տանը թնդացող դատարկություն է։ Սենյակի կահույքից մնացել է միայն բազմոցը, որի վրա սպանվել էր Մարուսյա Խալափյանը, երկու բազկաթոռները, փայտյա նստարանը՝ ոտքերը դնելու համար։ Վալերա Խալափյանը նստած էր բազկաթոռներից մեկի վրա, երբ հանցագործները ներխուժել են սենյակ։ Սպանված Ռազմելայի մարմինը գտել էին դռների մոտ։

Երբ սկսվել է գյուղի գնդակոծությունը՝ սպանվածների որդին՝ Գագիկ Խալափյանը, վեց երեխաներին ու կնոջն անվտանգ վայր էր տեղափոխել։ Բոլորի համար մեքենայում տեղը չէր բավականացրել։ Վալերան ու Ռազմելան չէին կարողացել ոտքով տնից հեռանալ՝ տարեց Մարուսյայի պատճառով։ Վերադառնալով ծնողների ու տատիկի ետեւից՝ Գագիկ Խալափյանը գյուղից ոչ հեռու լսել է ադրբեջաներեն խոսակցություն, որոշել էր մտնել գյուղապետի մոտ, որպեսզի նախազգուշացնի, որ ադրբեջանցիներ գյուղ են մտել։ Իսկ հետո չի կարողացել տուն վերադառնալ, այդ ընթացքում էլ ադրբեջանցի հանցագործները արել էին իրենց սեւ գործը։

 

Լուսանկարները Արսեն Սարգսյանի/ NEWS.am