Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում չեն գործում ընտրական տեղամասերի ուղիղ հեռարձակումները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այս առնչությամբ նշել է, որ պատճառը ծանրաբեռնված լինելն է. «Այցելությունները շատ են, ծանրաբեռնվածության խնդիր կա»:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների քվեարկության անաչառություն ապահովելու համար, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գնել է տեսախցիկներ, որոնք տեղադրվել են ընտրատեղամասերի մեծ մասում: ԿԸՀ-ն պատրաստել է http://electionsonline.am կայքը, որտեղ հնարավոր է ընտրել ընտրատարածքը, տեղամասը և առցանց հետևել քվեարկության ընթացքին:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ 

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։