Հայաստանի Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի տարածած հայտարարության վերաբերյալ, ըստ որի թիվ 14/20 ընտրական տեղամասում զինվորականների ուղղորդված քվեարկություն է տեղի ունեցել:

ՊՆ պարզաբանման մեջ ասվում է.

«ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի տեղեկատվական կենտրոնը ահազանգ է տարածել թիվ 14/20 ընտրական տեղամասում զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ:

Մեկ այլ դաշինքի վստահված անձինք էլ թիվ 34/38 ընտրատեղամասում արձանագրել են «զինծառայողների շարունակական կուտակումներ»:

ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում են ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին, եւ ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար իրականացվում են զորամասերի մշտական տեղակայման վայրերից զինծառայողներին ընտրատեղամասեր փոխադրելու, ընտրական գործընթացը կազմակերպված անցկացնելու աշխատանքներ:

Թիվ 14/20 ընտրական տեղամասում նշված դաշինքի ներկայացուցչի արձանագրած «միջադեպը» կապված է եղել ընտրողների ցուցակում քվեարկությանը մասնակցող զինծառայողներից մեկի անվան դիմաց արդեն կատարված գրառման հետ: Նշված դաշինքի ներկայացուցչի կասկածն է հարուցել նաեւ տվյալ զինծառայողի անձը հաստատող փաստաթղթի` զինվորական գրքույկի ճշտությունը: Ընտրական տեղամասի հանձնաժողովի եւ ժամկետային զինծառայողներին ուղեկցող սպայի կողմից կատարվել է ճշտում, եւ զինծառայողին թույլատրվել է մասնակցել քվեարկությանը:

 Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գծի» 1-28 անվճար հեռախոսահամարին»:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ 

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։