Հայաստանում ընտրողներին կաշառելու վերաբերյալ տեղեկություններն արժանի են վստահության։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաուտալան՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդների ճեպազրույցի ժամանակ։

Տեղամասային հանձնաժողովի անդամները ջանքեր են գործադրել, որպեսզի ընտրողներին քվեարկության կարգի փոփոխությունները ներկայացնեն։

Դժբախտաբար, ընտրական գործընթացի վրա ստվեր են նետել ընտրողներին կաշառելու եւ նրանց վախեցնելու մասին հավաստի տեղեկությունները։ Վերջինները վերաբերում են ինչպես բյուջետային ոլորտին (դպրոցներ ու հիվանդանոցներ), այնպես էլ մասնավոր ընկերություններին, նկատել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավականին արդյունավետ է աշխատել, սակայն մեծ ուշադրություն չի դարձրել բողոքների քննարկմանը»,- հավելել է նա։

«Եվրախորհրդարանը սերտորեն կհամագործակցի Հայաստանի ապագա խորհրդարանի հետ՝ բարեփոխումների աջակցության եւ ժողովրդավարացման համար՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման մեր պարտականությունների համապատասխան»,- ամփոփել է Հաուտալան։