2017-ի ապրիլը իսկական հրավառություն է ֆուտբոլասերների համար: Երեկ՝ ապրիլի 5–ին կայացան հետաքրքիր ու սպասված խաղեր: Անգլիայի առաջնությունում առաջատար «Չելսին» խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (2-1), իսկ Իսպանիայում «Բարսելոնան» տանը ջախջախեց «Սեվիլիային» (3-0): Բայց սա միայն սկիզբն է: Ապրիլը խոստանում է բազմաթիվ հետաքրքիր խաղեր:

Սկսենք նրանից, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղերը հավասարազոր են լինելու եզրափակչին:

Ապրիլի 11-ին «Յուվանթուսը» տանը կընդունի «Բարսելոնային»:

Ապրիլի 12-ին «Բավարիան» Մյունխենում սպասելու է «Ռեալին»:

Մեկ շաբաթ անց տեղի կունենան պատասխան խաղերը:

Պետք չէ թերագնահատել զուգահեռաբար ընթացող խաղերը՝ «Բորուսիան» ու «Մոնակոն» համարվում են հավասարազոր մրցակիցներ: Իսկ «Լեսթերը» դեռ շարունակում է իր հեքիաթը, չնայած մրցակիցն արդեն լինելու է «Ատլետիկոն»:

Իսպանիայի առաջնությունում ապրիլի 8 –ին «Ռեալը» տանը կընդունի «Ատլետիկո Մադրիդին», իսկ ապրիլի 23-ին տեղի կունենա Կլասիկոն: Մեկ շաբաթ անց էլ ապրիլի 30-ին, «Ռեալը» տանը կխաղա «Վալենսիայի» հետ:

Անգլիայում ապրիլի 16-ին «Մանչեսթեր Յունայթեդը» տանը կընդունի «Չելսիին»: Իսկ ահա ապրիլի 27-ին «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղն է: Ապրիլի 30-ին էլ կկայանա հյուսիսլոնդոնյան դերբին՝ «Տոտտենհեմը» կընդունի «Արսենալին»:

Իտալիայում ապրիլի 15-ին «Ինտերը» կընդունի «Միլանին»: Ապրիլի 30-ին էլ հռոմեական դերբին է՝ «Ռոմա» – «Լացիո»:

Գերմանիայում ապրիլի 8-ին «Բավարիան» ընդունում է «Բորուսիային»:

Այս ամենին գումարվում են նաեւ Եվրոպայի լիգայի խաղերը:

Մի խոսքով՝ ապրիլը թեժ է լինելու: