Չնայած Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հարվածը հարավկովկասյան տարածաշրջանի վրա ուղղակի ազդեցություն չունի, չի կարելի չխոսել կողմնակի հետեւանքների մասին: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Սիրիայի ավիաբազաներից մեկի վրա հարձակվելու նախագահ Թրամփի որոշումը ավելի շուտ քաղաքական քայլ էր, քան զուտ ռազմական գործողություն: «Թրամփի համար սա ավելի վճռական գործողություններ ցուցադրելու կարեւոր միջոց էր, քան նախագահ Օբաման: Ավելի կոնկրետ՝ սա նաեւ քիմիական զենքի օգտագործման արձագանքն էր, որը, ինչպես հայտարարել է այն ժամանակվա նախագահ Օբաման, իրենից «կարիր գիծ» է ներկայացնում, որը Սիրիայի կառավարությունը չի կարող անցնել կամ խախտել: Այս ենթատեքստում Թրամփը ցանկանում է տարբերվել իր նախորդից եւ այսկերպ ռազմական գործողություններ ձեռնարկել այնտեղ, որտեղ Օբաման դա չի արել»,- կարծում է վերլուծաբանը:

Դրա հետ մեկտեղ, տվյալ քայլը Մոսկվային հղված ուղերձ էր, որ Վաշինգտոնը կուրորեն չի հետեւի, նաեւ թույլ չի տա Սիրիայում ռազմական ներկայության ամրապնդման ռուսական նախաձեռնություններն ու նպատակներն ավարտել: «Վերջապես՝ հնարավոր է, որ այս քայլն ուղղված էր Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, քանի որ ԱՄՆ-ի հարձակումը միջոցառում էր, որի կոչը վաղուց հենց Թուրքիան է անում»,- նշեց Կիրակոսյանը:

Ըստ որում՝ վերլուծաբանն ընդգծեց, որ վերջին իրադարձությունները դեռեւս չեն վկայում Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության խոր եւ վճռական տեղաշարժի մասին: Սա ավելի շուտ մեկանգամյա պատասխան էր՝ սահմանափակ նպատակներով:

Ինչ վերաբերում է Վաշինգտոնի եւ Մոսկվայի հնարավոր առճակատման հեռանկարին, ապա, փորձագետի կարծիքով, այս մասին խոսելը դեռեւս վաղ է: Չնայած նրանց շահերն ակնհայտորեն տարբերվում են, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ դեռեւս փոփոխություններ չեն նկատվում: Այս համատեքստում վերլուծաբանը նշեց Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ իրատեսական եւ ավելի անմիջական հակամարտության հնարավորությունը, որը կարող է առաջանալ Սիրիայի իրադարձությունների հետեւանքով, ինչպես եղավ հարաբերությունների նախորդ ճգնաժամի ժամանակ: