Ապրիլի 11–ին սկսվում են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումները: Այսօր «Յուվենթուսը» տանը ընդունելու է «Բարսելոնային», որին ժամանակից շուտ նախորդ տուրում փորձեցին թաղել: Վիճակահանությունը կույր ստացվեց՝ ուժեղագույները միմյանց հետ են:

Թիմերի ներկայիս վիճակը

«Բարսելոնան» իր լեգանդար հաղթանակից հետո մեկ անգամ չէ, որ հասցրել է տխրեցնել երկրպագուներին: «Դեպորտիվոյին» պարտվեց, վերջին տուրում էլ «Մալագային» չկարողացավ գոլ խփել ու պարտվեց, բայց մինչ այդ ջախջախեց «Սեւիլիային»: Դա խոսում է կատալոնական թիմի ոչ ստաբիլության մասին: Այն, որ թիմում առկա են խնդիրներ՝ կադրային, մարզչական, գուցե, ակնհայտ է: Իսկ անկայուն խաղը եւ գունեղ հաղթանակները պայմանավորված են լինում ոգեւորությամբ եւ, իհարկե, այս պահին աշխարհի լավագույն հարձակողական գծով: «Բարսելոնան», վերջին խաղում պարտվելով,  ձեռքից բաց թողեց Իսպանիայի առաջնությունւմ առաջատարի դիրքում հայտնվելու հնարավորությունը:

«Յուվենթուսի» մասին կարելի է ասել լրիվ հակառակը: Այս թիմը միշտ ստաբիլ գնում է դեպի չեմպիոնության եւ կասկած չկա, որ այս տարի էլ դա նրա կհաջողվի: Ալեգրիի թիմը տանը չի պարտվում  2015–ի օգոստոսից, իսկ Չեմպիոնների լիգայի շրջանակներում տանը պարտվել էր երկու տարի առաջ: Բացի այդ  «Յուվենթուսի» առաջատար մի քանի ֆուտբոլիստներ թիմի վերջին խաղը «Կյեվոյի» հետ բաց թողեցին: Թուրինյան թիմը կընդունի իր մրցակցին, հանգիստ, հանգստացաց:

Խաղի հնարավոր սցենարը

Նորություն չէ, որ «Բարսելոնան» առաջին րոպեից սկսած սիրում է հարձակվել, բայց «Յուվենթուս» էլ սիրում է պաշտպանվել: Եթե մոռանանք «Բավարիայի» հետ նախորդ տարվա խաղերը, ապա «Յուվենթուսին» դա միշտ հաջողվում է: Տանը, սեփական երկրպագուների աջակցության ներքո «Յուվենթուսը» կփորձի փակել «Բարսելոնայի» օդերը: Բաց խաղ, իհարկե, չի սպասվում: Եթե իտալացիները տանը ընդունեն երկու եւ ավելի գնդակ, ապա մեծ է հավանականությունը, որ պատասխան խաղում ասելիք չունենան: Մենք տեսանք, թե ինչպես «Բարսելոնան» տանը վեց գդակ ուղարկեց ՊՍԺ-ի դարպասը: Դա տեսավ նաեւ Ալեգրին, ով խաղից առաջ ասել է, որ միայն չեն պաշտպանվելու, այլ նաեւ փորձելու են «Բարսելոնայից» շատ գոլեր խփել:

Կազմեր ու մարտավարություն

«Բարսելոնան» իր սիրելի 4-3-3-ին չի դավաճանի նաեւ այս խաղում: Ահեղ եռյակին հետեւից կօգնեն Ինիեստան, Ռակիտիչն ու Գոմեսը, ամենայն հավանականությամբ: «Յուվենթուսի» դարպասները Բուֆոնից բացի պահելու են նաեւ Բոնուչին ու Կելինին (Սուարեսի աչքը լույս), Սանդրոն ձախից, Ալվեսը աջից: Հենակետայինում՝ Խեդիրա, Պյանիչ: Լիովին ապաքինվել է Մարիո Մանջուկիչը, ով Դիբալայի ու Կուադրադոյի հետ օգնելու է Իգուայինին, ով իր հերթին, իհարկե, «Բարսելոնայի» հետ խաղալու փորձ ունի, սակայն որքանով հաջող, դժվար է ասել:

Կանխատեսում

Առաջին խաղերի համար միշտ ավելի դժվար է կանխատեսում անել: Բայց ինչպես ասացի, բաց ֆուտբոլ չենք տեսնի: Խաղը կընթանա «Յուվենթուսի» թելադրանքով: Գոլերի հրավառություն չի լինի: Կարծում եմ՝ մեծ է հավանականությունը, որ երկու թիմերն էլ մեկական գոլ խփեն մրցակցին, կամ «Բարսելոնան» հաղթի մեկ գնդակի առավելությամբ: Կարծում եմ, որ «Բարսելոնայի» գոլի հեղինակը այնուամենայնիվ կլինի Մեսին:

Վերա Մարտիրոսյան