ՀՀ Բնապահպանության նախարարությունը արձագանքել է ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությանը, ըստ որի Գոշ լճի տարածքում իրականացվում է ապօրինի հողային աշխատանքներ:

Բնապնախարարության հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտու «Գոշ լիճ» տեղամասից` պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու եւ սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով, համաձայն 23.06.2015 թվականին կնքված պայմանագրի, օգտագործման է տրվել «Վենդոռ» ՍՊԸ-ին:

Ըստ պայմանագրի` կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից եւ չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը եւ էնդեմիկ կարգավիճակը: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Վենդոռ» ՍՊԸ-ն իրականացրել է տարածքը չորացած փայտից եւ աղբից մաքրելու աշխատանքներ, որոնք այս պահին դադարեցված են: Կատարվում են ուսումնասիրություններ:

Գոշ լճի հարակից տարածքներում նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն «Վենդոռ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով հաստատված ծրագրի` բնապահպանական փորձաքննություն անցնելուց հետո»: