Այսօր Չեմպիոնների լիգայի ամենատիտղոսակիր, ստաբիլ ու հավակնություններ ունեցող թիմերը կմրցեն միմյանց դեմ: «Բավարիան» Մյունխենում ընդունում է «Ռեալին»: Հենց «Բավարիան» 2011/12–ի մրցաշրջանում «Ռեալին» դուրս թողեց հետագա պայքարից, բայց երկու տարի անց «Ռեալը» դաժան հաշվեհարդար տեսավ: Ի դեպ, այդ ժամանակ մադրիդյան ակումբը գլխավորում էր Կարլո Անչելոտին՝ «Բավարիայի» ներկայիս մարզիչը: Ստացվում է, որ այս դիմակայությունը մի քանի տեսանկյունից ինտրիգային է:

Առաջին հերթին այս երկու թիմերը համարվում են այս տարվա Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտները:

Երկրորդ՝ Անչելոտին որքան էլ խաղից առաջ ասում է, որ ոչ մի վրեժի մասին խոսք լինել չի կարող, բոլորն էլ գիտեն, որ Մադրիդում իտալացի մասնագետի հանդեպ , ով թիմին պարգեւեց տասներորդ տիտղողը Լիգայում, այդքան էլ լավ չվարվեցին:

Անչելոտին լավ գիտի «Ռեալը»: Զիդանի թիմը նա է հղկել ու բերել այս տեսքին: Դա, իհարկե, առավելություն է գերմանացիների համար:

Մյուս կողմից Զիդանի վրա կա ճնշում: Նա Անչելոտիի օգնականն էր, նրանից սովորում էր ամեն բան: Հիմա պետք է ապացուցի, որ իր թիմը նախկին մարզչի դեմ կարող է լավ հանդես գալ:

Այս ամենը հոգեբանական տեսանկյունից են, բայց գերմանացիները ունեն նաեւ այլ խնդիրներ: Մանուել Նոյերը վատառողջ էր: Չնայած արդեն հայտնել են, որ դարպասապահը ապաքինվել է, բայց որքանով նա կլինի այն Նոյերը՝ այսինքն աշխարհի լավագույն դարպասապահը, պարզ չէ: Բացի այդ, փոքր վնասվածքներ ունեն նաեւ հարձակման առաջատարները Լեւանդովսկին ու Մյուլլերը: Եթե նրանք այսօր բացակայեն կամ կես ուժով խաղան, «Բավարիայի» համար լավ չի լինի:

Գերմանացիները խաղում են տանը: Պաշտպանությունում պետք է առավել ուշադիր լինեն: Բաց թողնված գնդակները դժվար կլինի հետ բերել Մադրիդում: Բացի այդ ուշագրավ է, որ Կրոսսն ու Ալոնսոն խաղալու են իրենց նախկին թիմերի դեմ:

Կանխատեսում

«Բարսելոնայի» երեկվա խաղից հետո արդեն կանխատեսելը վտանգավոր է դառնում, բայց այս տարվա «Ռեալն» ու «Բավարիան» ավելի ստաբիլ թիմեր են եւ նման պատկեր, կարծում եմ՝ չի գրանցվի:

«Ալյանս արենայում» երկու թիմերն էլ կդառնան գոլերի հեղինակ: «Ռեալ Մադրիդը» չի պարտվի:

Վերա Մարտիրոսյան