Եվրոպական միությունը Հարեւանության ներդրումների ծրագրի միջոցով իր նպաստն է բերել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, Վարշավայում Եվրոպական միության Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ԵՄ մի շարք այլ երկրների ԱԳ նախարարներ, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Նիստին ելույթ ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, մասնավորապես, ասաց.

«Շնորհակալություն եմ հայտնում Վիշեգրադյան խմբի լեհական նախագահությանը՝ նախարարական այս հանդիպումը հյուրընկալելու համար:

Բրյուսելում կայանալիք առաջիկա գագաթաժողովին շոշափելի ձեռքբերումներ արձանագրելը կարեւոր կլինի Արեւելյան գործընկերության հետագա կենսունակության համար: Այս առումով մենք արժեւորում ենք ոլորտային համագործակցությանը քաղաքական լիցք հաղորդելու նախաձեռնությունը եւ ենթակառուցվածքային կապերի շուրջ քննարկումների վրա կենտրոնացումը, քանի որ սա Ռիգայի համատեղ հռչակագրում ամրագրված Արեւելյան գործընկերության առաջնայնություններից մեկն է:

Մարտի 21-ին Հայաստանը եւ Եվրոպական միությունը նախաստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը եւ կսահմանի ընդլայնված գործընկերության նոր ուղենիշներ:

Ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը պատշաճ տեղ է զբաղեցնում ինչպես Շրջանակային համաձայնագրում, այնպես էլ Հայաստանի եւ Եվրոպական միութան միջեւ 2017-2020 թվականների համար գործընկերության առաջնայնություններում` ընդգծելով դրա կարեւորությունը ոչ միայն երկկողմ հարաբերությունների համար, այլ նաեւ տարածաշրջանային համագործակցության համատեքստում:

Հարգելի գործընկերներ,

Եվրոպական միության եւ այլ գործընկերների հետ միասին մենք ներգրավված ենք ենթակառուցվածքների փոխկապակցվածության տարաբնույթ ծրագրերում: Ողջունում ենք Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցը արեւելյան գործընկերների համար ընդլայնելու որոշումը: Նախորդ տարի հայկական եւ վրացական կարեւորագույն մայրուղիները որպես առանցքային կապուղիներ ներառվեցին այդ համապարփակ ցանցի քարտեզներում:

Մեկ այլ լավ օրինակ է Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի կնքման շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած Հայաստան-ԵՄ բանակցությունները:

Եվրոպական միությունը՝ Եվրոպական ներդրումային բանկի միջոցով, իր նպաստն է բերում Հայաստանի ռազմավարական ծրագրերից մեկի` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, որը մեր երկրի ողջ երկայնքով անցնող 556 կիլոմետրանոց ժամանակակից մայրուղի է լինելու:

Վերջերս Եվրոպական միության աջակցությամբ իրականացված Հայաստան-Վրաստան անցակետերի արդիականացումը գործնական քայլ էր՝ միտված Արեւելյան գործընկերության սահմանային համալիր կառավարման նախաձեռնության իրականացմանը: Այն առավել գործնական հնարավորություններ է ընձեռում տրանզիտի եւ առեւտրի ծավալների աճի համար:

Ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտային հաղորդակցությամբ: Եվրոպական միությունը Հարեւանության ներդրումների ծրագրի միջոցով իր նպաստն է բերել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը:

Ենթակառուցվածքային փոխկապակցվածության եւ տնտեսական համագործակցության շնորհիվ մենք կարող ենք արդյունավետորեն խթանել տարածաշրջանային կայունությունը եւ զարգացումը։ Կարեւոր է, որպեսզի փոխկապակցվածության գաղափարին անդրադառնանք ոչ միայն Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների, այլեւ ավելի լայն համատեքստում՝ տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերի միջեւ։

Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ կապերը պետք է իրատեսական եւ կոնկրետ արդյունքների միտված երկխոսության մաս հանդիսանան։ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր եւ Արեւելյան գործընկերության մասնակից, պատրաստ է այս առումով իր նպաստը բերել։

 

Ենթակառուցվածքային փոխկապակցվածության խթանումը եւ տնտեսական համագործակցության ամրապնդումը կարող են ի հայտ բերել ընդհանուր շահեր եւ համատեղ ծրագրեր, որոնք կհանգեցնեն փոխադարձ օգուտների։ Այս առումով դրանք պետք է նաեւ որպես վստահության ձեւավորման արժեքավոր միջոցներ դիտարկվեն հակամարտությունների կարգավորման համաձայնեցված ձեւաչափերի ջանքերի շրջանակներում։

Հարգելի գործընկերներ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ Հայաստանում ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ուղղությամբ տրամադրված զգալի տեխնիկական ու ֆինանսական աջակցության համար։

Գնահատելով ապրիլի սկզբին անցկացված ընտրությունները՝ Եվրոպական միությունը հայտարարեց, որ դրանք լավ կազմակերպված էին, հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, իսկ արդյունքներն արտահայտում են Հայաստանի քաղաքացիների կամքը։ ԵՄ նաեւ պատրաստակամություն հայտնեց՝ աշխատելու ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի եւ կառավարության հետ։ Իր հերթին Հայաստանը եւս հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական միության հետ»: