Ինչպես ասում են՝ կռվից հետո բռունցքները չեն թափահարում: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում երկու ֆավորիտների պայքարում Մադրիդի «Ռեալը» դուրս թողեց Մյունխենյան «Բավարիային»: Առաջին խաղում Գերմանիայում հաղթելը մեծ առավելություն էր տվել իսպանացիներին, բայց արի ու տես, որ Անչելոտիի սաները կարողացան Մադրդիում հավասարեցնել երկու խաղերի հաշիվները եւ խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Եվ այստեղ իր խոսքն ասաց մրցավարը, կամ էլ ճակատագիրը՝ ինչպես ասում են…

Այժմ փաստերով...

Խաղի առաջին գոլը խփվեց 52-րդ րոպեին, երբ Կազեմիրոն տուգանային հրապարակում վայր գցեց Ռոբենին: Վիճելի դրվագը մի քանի տարբեր կրկնապատկերներով այդպես էլ չկարողացավ ամեն բան իր տեղը դնել: Մի կողմից Կազեմիրոն իսկապես կանգնեց Ռոբենի ոտքին, մյուս կողմից էլ հոլանդացու ցատկը անբնական ստացվեց: Ամեն դեպքում  Լեւանդովսկին չվրիպեց:

«Ռեալի» առաջին գոլը, եւ «Բավարիայի» երկրորդը կասկած չհարուցեցին: Ռոնալդուն «Բավարիայի» պաշտպանության հարցերը լուծեց, իսկ Ռամոսը ավելի ճարպիկ գտնվեց, քան Մյուլերը ու գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

Ամեն բան գնում էր դեպի լրացուցիչ ժամանակ: Սակայն 87-րդ րոպեին խաղի հունգարացի մրցավար Վիկտոր Կոշայը, երկորդ դեղին քարտը ցույց տվեց Արթուրո Վիդալին: Այն որ Վիդալն առաջինը դիպավ գնդակին ու դեղին քարտի մասին խոսք չկար, երեւում էր բոլոր կրկնապատկերներում: Կոշային չկանգնեցրեց անգամ այն փաստը, որ րոպեներ առաջ նա շատ բարի գտնվեց «Ռեալի» խաղացող Կազեմիրոյի հանդեպ ու երկրորդ դեղինը չտվեց: Բայց «Բավարիային» հունգարացին թողեց տասը հոգով:

Ամեն դեպքում, «Բավարիան» լրացուցիչ ժամանակը սկսեց բավական ագրեսիվ հարձակումներով, 10-ը 11-ի կամ 12-ի դեմ հավասար խաղում: Հունգարացի մրցավարը չնկատեց ակնհայտ խաղից դուրս վիճակում գտնվող Ռոնալդուին: Եզրային մրցավարը չբարձրացրեց դրոշակը եւ խփվեց գոլ: Այժմ «Բավարիային» պետք էր խփել մեկ գնդակ, սակայն մի քանի րոպե անց եղավ նաեւ երկրորդ գնդակը՝ կրկին խաղից դուրս վիճակից:

Հետաքրքիր է, որ համացանցում ակտիվորեն սկսվեց շրջանառվել տեսությունը, թե երբ երկու հարձակվող շրջանցում են վերջին պաշտպանին, այդ դեպքում փոխանցումը չի կարող համարվել խաղից դուրս: Իրականում  խաղից դուրսի սահմանումը հետեւյալն է. երբ հարձակվող թիմի  ֆուտբոլիստը փոխանցման պահին ամբողջ մարմնով կամ մասնակի գտնվում է ավելի մոտ դարպասին, քան հակառակ թիմի վերջին կանգնած ֆուտբոլիստը՝ բացառությամբ դարպասապահի, դա համարվում է խաղից դուրս:

Այլ օրենքներ հորինել պետք չէ: Եվ խաղի վճռորոշ պահին հաշվել երկու գոլ, որոնք խփված էին խաղից դուրս վիճակում, կարող է փաստել միայն մեկ բանի մասին՝ ժամանակակից ֆուտբոլը պահանջում է արդեն վիդեոկրկրնապատկերների օգտագործումը: Նման դեպքում այլեւս չեն լինի մրցավարական սխալներ ու եթե Մադրիդի «Ռեալը» պետք է հաղթի «Բավարիային», թող դա անի իսկապես արժանիորեն:

Միշտ էլ նման խաղերից հետո հակառակ թիմերի երկրպագուների միջեւ վեճերն անխուսափելի են: «Ռեալի» երկրպագուները հիշում են «Բարսելոնայի» խաղը ՊՍԺ-ի հետ: «Բարսելոնան» իր հերթին հիշում է, ՉԼ-ի եզրափակչում «Ռեալի» խաղից դուրսից խփված գնդակը... Բայց հույզերից այն կողմ մնում է մեկ բան, եթե անգամ «Ռեալի» երկրպագուներն ասում էին, որ ՊՍԺ-ն նման խաղով արժանի չէր հաջորդ փուլ անցնելու, ապա «Բավարիային» երեկ պարզապես «սպանեցին», քանի որ թիմը արժանի ու հավասար խաղ ցուցադրեց անգամ տասը հոգով:

Խաղից հետո կրքերը չէին հանդարտվում: «Բավարիայի» ֆուտբոլիստներից մի քանիսը մտել էին մրցավարի սենյակ, միայն ոստիկանությունը կարողացավ նրանց դուրս բերել: Առաջատար մի շարք ֆուտբոլիստներ իրենց վրդովմունքը հայտնեցին twitter–ում: Միքայել Բալլակն անգամ առաջարկեց վերախաղարկել այդ խաղը: Արդյունքում կիսաեզրափակչում կխաղա «Ռեալը», որը արդեն ութ տարի անընդմեջ հայտնվում է կիսաեզրափակչում: Եթե «Ռեալը» դառնա չեմպիոն, դա կլինի ՉԼ-ի պատմության մեջ առաջին դեպքը, երբ գործող չեմպիոնը կպահի իր տիտղոսը: Իսպանական թիմն իր երկրպագուներին ուրախացնում է թե՛ ՉԼ-ում, թե՛ Լա լիգայում, իսկ «Բավարիան» դեռ երկար կհիշի, թե ինչպես քանդեցին ու կործանեցին նրա ճանապարհը դեպի Քարդիֆ: Բայց շատերի համար էլ «Բավարիան» քանդում է Բունդեսլիգայի ուժն ու ինտրիգը իր ահռելի գումարներով: Ինչպես ասում են՝ ամեն բան միանշանակ չէ….

Վերա Մարտիրոսյան