Մոսկվայի հարավում առեւտրի կենտրոնի սեփականատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը ապրիլի 19-ին իր գրասենյակի մոտ, թիկնապահների եւ վկաների աչքի առաջ մահացու վիրավորվել է, որոնց համար անակնկալ էր, որ ձեռնարկատիրոջ նախկին գործընկերը ատրճանակը կհանի եւ կսկսի կրակել:

«Մոսկովսկի Կոմսոմոլեցը» հայտնել է, որ ժամը 21.00-ի սահմաններում 61-ամյա Բաղիրյանը թիկնապահի ուղեկցությամբ բիզնես կենտրոնից դուրս գալիս է եղել, երբ հնչել են կրակոցները: Նրա ուղղությամբ առնվազն 5 կրակոց է արձակվել: Ըստ որում՝ կրակել է նրա նախկին գործընկերը: Նախկինում տղամարդիկ համատեղ գործունեություն են ծավալել՝ Մերձմոսկվայում ալկոհոլի համար ապակաե տարաների արտադրության փոքր գործարան են ունեցել: Հետո նրանք բաժանվել են, բայց գործընկերոջ խոսքով՝ Բաղիրյանն իրեն 3 մլն դոլարի պարտքային պարտավորություն ունի:

Չորեքշաբթի նա եկել է Բաղիրյանի գրասենյակ. սկզբում զրույցը խաղաղ է ընթացել: Պարտառուն կարծես խոստացել է փողը վերադարձնել: Բայց երբ նրանք գրասենյակից դուրս են եկել եւ ուղեւորվել դեպի իրենց մեքենաները, նա, գործընկերոջ խոսքով, հրաժարվել է իր խոսքից եւ հայտարարել, որ փողը չի վերադարձնի: Այդ ժամանակ էլ ձեռնարկատերը կրակել է: Ի դեպ նա կրակել է «Մակարով» ատրճանակից, որը մոտն է պահում 90-ական թվականներից ի վեր:

Որովայնի շրջանում ծանր հրազենային վնասվածք ստացած Բաղիրյանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց նա մահացել է: Սպանվածի թիկնապահն ինքնուրույն ձերբակալել է կրակողին եւ հանձնել ժամանած ոստիկաններին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով՝ սպանություն եւ զենքի ապօրինի շրջանառություն:

Ի դեպ, Բաղիրյանի ծանոթները նրան մի քանի անգամ զգուշացրել են այսպիսի ելքի մասին, քանի որ նա չարակամներ շատ ուներ: Աշխատակիցներից մեկն անգամ ազատվել է՝ ողբերգությունը նախազգալով:

Բանն այն է, որ վերջին տարիներին Բաղիրյանի գործերի ընթացքը վատացել էր, նա պարտքերի մեջ էր խրվել: Նա բիզնեսով է զբաղվել իր ամբողջ մեծ ընտանիքով: Ամեն ինչ սկսվել է 2000-ական թվականներին, երբ հայը (այդ ժամանակ նա մեծածախ առեւտրով զբաղվող «Պրոմստրոյինվեստ XXI դար» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն էր) Մոսկվայի Քաղաքային ունեցվածքի դեպարտամենտի հետ (4,5 հազար ք.մ. մակերեսով) հողատարածքի վարձակալման պայմանագիր է կնքել՝ գոյություն ունեցող վարչական շենքի շահագործման եւ վերակառուցման նպատակով:

Գործարարն այնտեղ ժամանակակից բիզնես կենտրոն է կառուցել, իսկ 2009 թվականին իր երեխաների՝ Ալեքսանդրի, Էմմայի եւ Կարենի հետ դարձել է կենտրոնի համասեփականատերը: Այստեղ նա եւս մեկ ընկերություն է բացել՝ «Ինպրոմսերվիս» ԲԲԸ-ն (առանցքակալների մատակարարման ոլորտի բիզնես):

Հողամասի վարձավճարը Բաղիրյանն ամբողջ ծավալով չի վճարել, որի պատճառով մոսկովյան պաշտոնյաները 2016-ի վերջին նրան դատի են տվել եւ դատը շահել: Բաղիրյանը եւ նրա երեխաները պետք է վճարեին մոտ 11 մլն ռուբլի:

Ծանոթները չարախոսում են, որ Բաղիրյանը «Ինպրոմսերվիս» ԲԲԸ-ն բացել է ուշադրություն շեղելու համար: Իրականում նա ժամանակի մեծ մասը նվիրում էր իր մյուս բիզնես ծրագրերին, մասնավորապես՝ Ալամաթիի փողոցում գտնվող առեւտրի կենտրոնին: Իսկ այստեղ միայն խնդիրներ կային՝ կապալառուների կատարած աշխատըանքների բազմաթիվ պահանջներ, որոնց Բաղիրյանը չէր վճարել: Վերջին հաշվով,  նախկին գործընկերներից մեկի նյարդերը տեղի են տվել, եւ նա ատրճանակն է ձեռքը վերցրել: