Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կհանդիպեն մադրիդյան թիմերը, մյուս զույգը կկազմեն «Յուվենթուսն» ու «Մոնակոն»:

Մադրիդը ներկայացնող «Ռեալն» ու «Ատլետիկոն» վաղեմի թշնամիներ են: Վերջին երկու տարում այդ հակամարտությունը ավելի սրվեց, քանի որ «Ռեալը» երկու անգամ եզրափակչում հաղթել է Սիմիեոնեի սաներին:

Ընդհանուր առմամբ, թիմերը խաղացել են միմյանց դեմ 180 անգամ, որոնցից միայն 7 անգամ Չեմպիոնների լիգայի շրջանակներում:

Վերջին անգամ թիմերը Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպեցին «Սան Սիրոյում». խաղն ավարտվեց 1-1: Հետխաղյա 11 մետրանոցներով ավելի ուժեղ գտնվեց «Ռեալը»:

Մինչ այդ 2014/15 մրցաշրջանում «Ռեալը» «Ատլետիկոյին» դուրս թողեց քառորդ եզրափակիչ փուլում: 2014-ի դրամատիկ եզրափակիչը հիշում են բոլորը: Մինչ այդ թիմերը 3 անգամ խաղացել էին 1958-1959 մրցաշրջանում, որտեղ կիսաեզրափակչում 3 խաղերի արդյունքում (առաջին երկուսում գրանցվել էր 2-1,1-0 հաշիվ, երրորդում՝ 2-1) եզրափակիչ անցավ «Ռեալը»:

Ստացվում է, որ Չեմպիոնների լիգայում «Ռեալը» «Ատլետիկոյի» հետ մրցավեճում ունի անթերի արդյունքներ: Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը երբեք դուրս չի մնացել Մադրիդը ներկայացող մյուս թիմի կողմից: Այս թիմերի ընդհանուր դիմակայության արդյունքում «Ռեալի» հաղթանակը 53 տոկոս է, «Ատլետիկոյինը»՝ 26:

Վերջին անգամ այս թիմերը խաղացել են ապրիլի 8-ին, որտեղ գրանցվել է 1-1 հաշիվ:

 «Ատլետիկոն» պարզ է, որ «ատամ ունի» «Ռեալի» վրա: Հնարավոր է, որ սա լինի Դիեգո Սիմիեոնեի վերջին տարին Մադրիդում եւ նա տեղափոխվի «Ինտեր»: Եվ սա կարող է լինել նրա վերջին հնարավորությունը «Ռեալից» վրեժխնդիր լինելու համար: Բայց ինչպես ցույց է տալիս փորձը, դա նրանց դեռ չի հաջողվում:

Կանխատեսում՝

«Ռեալի» – «Ատլետիկո» հաջորդ փուլ անցնելու հնարավորությունները 70-30 –ի:

«Յուվենթուս» – «Մոնակո»

«Յուվենթուսը» «Մոնակոյի» հետ հանդիպել է 4 անգամ: 1998-ին «Յուվենթուսը» կիսաեզրափակչում (4-1, 2-3)  հաղթահարեց «Մոնակոյի» արգելքը ու երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ: Երկրորդ անգամ թիմերը հանդիպեցին 2015-ի ապրիլին Չեմիոնների լիգայի քառորդ եզրափակչում (1-0, 0-0)  հաջորդ փուլ անցավ «Յուվենթուսը»:

Այս զույգում ֆավորիտը «Յուվենթուսն» է, թեեւ «Մոնակոն» շատ համակրելի թիմ է, այս տարի  խաղում է գեղեցիկ հարձակողական ֆուտբոլ:

«Յուվենթուսը» վերջին անգամ չեմպիոն է դարձել 1996-ին: Դրանից հետո թիմը 4 անգամ հայտնվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, բայց չի հաղթել: Վերջին տարիներին ամենաստաբիլ խաղ ցուցադրող «Յուվենթուսը» շատ մոտ է իր երազանքի իրականացմանը: Բայց դեռ կիսաեզրափակիչ երկու խաղ կա առջեւում:

Կանխատեսում ՝

«Յուվենթուս» – «Մոնակո» – 60-40:

Վերա Մարտիրոսյան