«Ամերիաբանկը» եւ VISA ընկերությունն ավարտել են քարտային արշավի եզրափակիչ խաղարկությունը, որի արդյունքներով բանկային VISA քարտ ունեցող երկու անձ «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչի տոմսեր են շահել: Կիեւ մեկնելու եւ ողջ Եվրոպայի հետ երգիչների ելույթներին հետեւելու հնարավորություն կստանան «Ամերիաբանկի» հաճախորդները, որոնց խաղարկությունը հայտարարելիս 1240 եւ 1676 համարներն են տրվել:

Այսօր՝ ապրիլի 21-ին, մանրածախ բանկային ծառայությունների նախագծերի ղեկավար Էլեն Դանիելյանը լրագրողներին ասաց, որ այս համարների տերերը ոչ միայն «Եվրատեսիլի» 2 տոմս կստանան, այլեւ Կիեւ մեկնելու համար ավիատոմս, հյուրանոցում իջեւանելու ծախսերը նույնպես կվճարեն խաղարկության կազմակերպիչները՝ «Ամերիաբանկը» եւ VISA ընկերությունը:

Շահողները կարող են իրենց մրցանակները ստանալ ապրիլի 21-ից 26-ը, աշխատանքային ցանկացած ժամի, «Ամերիաբանկի» գլխավոր գրասենյակից: Եթե ինչ-որ պատճառով շահողները հրաժարվեն իրենց մրցանակներից կամ այն ստանալու չգան, տոմսերը բաժին կհասնեն հերթական՝ 1477 եւ 1036 համարների հաճախորդներին:

Էլեն Դանիելյանը հիշեցրեց, որ բանկը նման խաղարկություններ կազմակերպել է նաեւ նախկինում, սակայն դրանց կարողացել են մասնակցել հիմնականում, այսպես կոչված, պրեմիում հատվածի հաճախորդները: Այս տարի խաղարկությանը կարողացել են մասնակցել նաեւ, այսպես կոչված, միջին դասի ներկայացուցիչները. «Եվրատեսիլի» տոմս շահելու հնարավորություն ստանալու համար հաճախորդները պետք է փետրվարի 23-ից ապրիլի 11-ն իրենց VISA քարտերով 100 հազար դրամի չափով անկանխիկ վճարումներ կատարեին. նախորդ խաղարկությունների ժամանակ այս շեմը ավելի բարձր է եղել: Ուշագրավ է, որ խաղարկության մասնակիցների 77 տոկոսը VISA Classic եւ VISA Electron քարտեր է ունեցել:

Դեռեւս խաղարկության մեկնարկից առաջ VISA քարտերի բոլոր քարտապաննեը SMS հաղորդագրությամբ տեղեկացվել են խաղարկության եւ իրենց տրված հերթական համարի մասին: Նշված ժամանակահատվածում 2780 հաճախորդներ պայմաններին համապատասխան վճարումներ են կատարել, եւ նրանց համարներով քարտերը հավաքվել են տուփի մեջ, որտեղից էլ հանվել են 2 երջանիկների եւ 2 պահեստային քարտերը: