Դամասկոսը պատրաստ է խոսել բոլոր նրանց հետ, ովքեր ազդեցություն ունեն «ցամաքի վրա» ու կարող են դադարեցնել սպանությունները Սիրիայում, այդ համատեքստում բանակցությունները Աստանայում, որոնց մասնակցում են զինյալների ներկայացուցիչները, առավել արդյունավետ են, հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Եթե ես նստեմ բանակցությունների սեղանի շուրջ որեւէ մեկի հետ, որ ոչ մի ազդեցություն չունի տեղանքի, Սիրիայի իրականության վրա, ի՞նչի շուրջ պետք է մենք համաձայնության գանք։ Դա պարզապես ժամանակի վատնում է։ Դրա համար էլ իրականում մենք շատ իրատեսական ենք այս հարցում, մենք ասում ենք՝ կբանակցենք ցանկացածի հետ, ով կարող է փոխել իրավիճակը երկու ձեւով։Առաջինը՝ դադարեցնել սպանությունները, դա առաջնային է ցանկացած սիրիացու համար, ոչ թե կառավարության, այլ յուրաքանչյուր սիրիացու»,- ասել է Ասադը։

Նրա խոսքով անվտանգությունն ու կայունությունը՝ Սիրիայի ապագայի թեմայով խոսակցության շարունակության գրավականն են։

«Դուք կարող եք խոսել ինչի մասին կամենաք։ Դուք կարող եք խոսել սահմանադրության, Սիրիայի ապագայի, ձեր նախընտրելի քաղաքական համակարգի, տնտեսական համակարգի մասին, այն ամենի մասին, ինչը կենսունակ կլինի։ Դա բարդ չէ, սակայն առանց կայունության դուք չեք կարող որեւէ արդյունքի հասնել որեւէ բանակցությունում։ Դրա համար էլ ես ասացի, որ մենք ուղղակիորեն անցել ենք զինյալների հետ բանակցությունների, դա մեր նախընտրած տարբերակը չէ, բայց այս պահին դա է առավել արդյունավետ տարբերակը»,- հավելել է Ասադը։