NEWS.am–ը ներկայացնում է «Հայի աչքերով» նախագիծը, որի շրջանակներում թղթակից Անի Աֆյանը հարցազրույցների շարք է նախապատրաստել, որտեղ աշխարհի տարբեր երկրներում ապրող կամ ապրելու կենսափորձ ունեցող երիտասարդ հայերը պատմում են տեղի բնակչության կենցաղի, սովորույթների ու ավանդույթների մասին։

Դիանա Յայլոյան, 28 տարեկան: 2012 թվականից ապրում է Անկարայում, Անկարայի համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի ասպիրանտ է, Թուրքիայի Տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող: Ազատ ժամանակ նկարչությամբ է զբաղվում:

Եթե առաջին տպավորության մասին խոսենք, ապա ամենից շատ զարմացրեց երկրի զարգացման մակարդակը՝ սկսած ենթակառուցվածքներից, ավարտած վիթխարի շինարարական նախագծերով, նաեւ մշակութային կոլորիտով եւ ավանդույթներով, որոնցով Թուրքիան այդքան հարուստ է:

Մի անգամ նստեցի ավտոբուս՝ կանգառ հասնելու համար, որտեղից, ըստ ժամանակացույցի, շարժվում է բուհական ավտոբուսը, որն ուսանողներին անվճար բուհ է տանում եւ հետ բերում: Սարսափելի խցանում էր, ու ես արդեն սկսել էի անհանգստանալ, որ իմ տրանսպորտին չեմ հասնի եւ կուշանամ սեփական շնորհանդեսից: Արդյունքում մենք իմ կանգառին հասանք հենց այն պահին, երբ համալսարանական ավտոբուսը շարժվում էր: Հասկանալով, որ չեմ հասնի՝ վարորդին ասացի, որ իջնելն այլեւս իմաստ չունի, քանի ու իմ ավտոբուսն արդեն բաց եմ թողել: Անսպասելիորեն ավտոբուսի վարորդը միջին վիճակագրական թուրք Մեհմեթից վերափոխվեց Ջեյմս Բոնդի, եւ «մենք նրան կանցնենք» ասելով՝ հետեւեց ավտոբուսին: Հարմար պահ գտնելով, երբ այն կանգնել էր հերթական կանգառում, իմ վարորդն արագ բացեց դռները, եւ ես բառացիորեն դուրս թռա ավտոբուսից, նստեցի իմ ավտոբուսն ու բարեհաջող բուհ հասա: Ցավալի է միայն, որ չհասցրի բարի վարորդ «Բոնդին» շնորհակալություն հայտնել:

Մեր ամենամեծ մոլորությունը այն համոզմունքն է, որ բոլոր թուրքերը Հայոց ցեղասպանության մասին լավ իրազեկված են։ Ես մի մտերիմ ընկեր ունեմ, որին մոտ 7 տարի  ճանաչում եմ։ Երբ նոր էինք ծանոթացել, նա ազգայնական էր՝ տիպիկ թուրք բյուրոկրատների ընտանիքից։ Նա գրեթե ոչինչ չգիտեր հայերի ու Ցեղասպանության մասին։ Նրա ունեցած բոլոր տեղեկությունները դպրոցական դասագրքերից էին։ Ինձ հետ ծանոթանալուց հետո նա սկսել է փորփրել Ցեղասպանության մասին գրքերը, որից հետո սկսել էր լրջորեն հետաքրքրվել այդ թեմայով։ Հիմա նա ամենաակտիվ իրավապաշտպաններից է, որոնք կազմակերպում են հայերի աջակցության տարբեր միջոցառումներ։ Այնպես որ, թուրքերի հետ շփումը շատ կարեւոր է։

Հիշում եմ, թե ես ինչ ցնցված էի, երբ հայտնաբերեցի, որ թուրքերի կեսը չի կարողանում հայերին տարբերել հրեաներից։ Թուրքիայում, ինչպես երկրների մեծ մասում, լավ ձեւավորված է «թշնամու կերպարը»։ Թուրքերի դեպքում թշնամին հայերն ու հրեաներն են։ Մի անգամ գրախանութում, երբ ես Հայաստանի պատմության մասին գիրք խնդրեցի, վաճառողն ինձ տվեց գիրք Իսրայելի պատմության մասին։ Իմ վրդովմունքին ի պատասխան՝ նա ներողություն խնդրեց ու ասաց, որ հայերին հրեաների հետ է շփոթել։ Եվ նման դեպքերը այստեղ սակավաթիվ չեն։

Հայերի ու հրեաների նկատմամբ խտրականության արմատները անցյալից են սկիզբ առնում, երբ Օսմանյան Կայսրության հպատակները բաժանված էին կրոնական նշանով «միլեթ-ի-խամիկե»-ի («գերիշխող ազգ»), այսինքն մուսուլմաններ, ու «միլեթ-ի մախկումե»-ի («հպատակ ազգ»), որը ներառում էր հրեաներին, հայերին ու հույներին։ Ու թեեւ ոչ մուսուլմանական համայնքները պահպանում էին իրենց ինքնավարությունը, որը կանոնակարգվում էր սեփական կրոնական համայնքի առաջնորդների կողմից, նրանց իրավունքները, միևնույն է, հավասար չէին մուսուլմանների իրավունքներին։ Թուրքիայում «փոքրամասություն» հասկացությունն առայսօր ասոցացվում է «երկրորդ կարգի քաղաքացիներ» հասկացության հետ։ Այս մտածողությունը պահպանվել է ժամանակակից թուրքերի մոտ, ինչը բացատրում է փոքրամասնությունների ներկայացուցիչների ու էթնիկ թուրքերի կարգավիճակների հարցում երկրում գոյություն ունեցող անհավասարությունը։

Ինձ համար այստեղ ամենամեծ փորձությունը սադրիչ, երբեմն անհեթեթության հասնող փաստարկներն են այն մասին, որ Հայոց ցեղասպանություն ոչ միայն առհասարակ չի եղել, այլեւ հայերն են շատ թուրքերի սպանել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Թեյը, ջուրը, հացը գրեթե բոլոր ռեստորաններում անվճար են մատուցում, իսկ որոշ ռեստորաններում նույնիսկ նախուտեստն է անվճար՝ աղցանները, յոգուրտները եւ ուտելիքից հետո որեւէ քաղցրավենիք, բնականաբար, անվճար թեյի հետ։ Նման սպասարկումն անվանում են «իքրամ»։

Նոր տարին այստեղ որպես կանոն տոնում են աշխարհիկ թուրքերը, որոնք ձգտում են դեպի արեւմտյան արժեքներ։ Վերջին տարիներին պահպանողական մուսուլմանները ավելի հաճախ են կազմակերպում բողոքներ, որոնց ժամանակ հանդես են գալիս «Մուսուլմանը չի տոնում Նոր տարին» հայտնի կարգախոսով։

Թուրքիայի նման ազգայնական երկրում խելագարության գագաթնակետը կլինի Քեմալ Աթաթուրքի հասցեին ինչ-որ բան ասելը։

Թուրքերը բավականին սնոտիապաշտ ժողովուրդ են։ Ամենատարածված սնոտիապաշտություններից է «չար աչքին»  (թուրքերեն «նազար») հավատալը։ Երբ դուք որեւէ մեկին հաճոյախոսություն եք անում, մանավանդ երեխաներին, ապա ավելի լավ է հետո հավելեք «մաշալլահ», ինչն, ըստ հավատալիքների, քշում է «չար աչքը», որը կարող է «կպնել», եթե նույնիսկ դուք միանգամայն բարի մղումներ ունեք։

Ամենատարածված հմայիլներից մեկը «նազար բոնջուքն» է։ Այն իրենից ներկայացնում է կլոր սկավառակ, որի վրա որոշակի զարդանախշ է՝ կապույտ, դեղին ու սպիտակ երանգներով ու որը շատ նման է աչքի։ Նման թալիսման կարելի է տեսնել ամենուրեք՝ խանութներում, հյուրանոցներում, տներում ու նույնիսկ մեքենաներում։ Մի քանի անգամ խանութի վաճառողներն իմ հագուստին ամրացրել են փոքր ուլունք՝ «նազար բոնջուք», որպեսզի ինձ պաշտպանեն չար աչքից։ Մանրուք է, բայց հաճելի է։

Հասարակական տրանսպորտում կարելի է նաեւ այլ հմայիլներ տեսնել, օրինակ հատուկ թղթից պատրաստված ու շրջանակի մեջ դրված «մաշալլահ» կամ «Ալլահ քորուսուն» գրություններ, որը նշանակում է «Աստված պահապան»։

Եթե կա կատուների համար դրախտային կյանք, ապա անկասկած այդ դրախտը Թուրքիայում է։ Ես երբեք որեւէ այլ  երկրում չեմ տեսել նման հոգատար վերաբերմունք կենդանիների, մանավանդ կատուների նկատմամբ։ Վերջերս նույնիսկ Թոմբիլ  (թարգմանաբար «Հաստլիկ») հանրահայտ կատվին Ստամբուլում հուշարձան են ձոնել։

Թուրքիան, չնայած աշխարհիկ լինելու նկրտումներին, այնուամենայնիվ պահպանողական մուսուլմանական երկիր է, ու այդ տրամադրություններն ավելի են ուժեղանում։ Ցավոք, շատ հաճախակի են կանանց բռնաբարությունների ու սպանությունների դեպքերը՝ հաճախ անհեթեթ պատճառներով։

Ինձ դուր է գալիս, որ Թուրքիայում տուն մտնելիս կոշիկները հանում են։ Որպես կանոն, տներում ամենուրեք գորգեր են, այնպես որ սառը հատակին քայլելու անհարմարություն չի առաջանում։

Արարատը նրանց համար նույնպիսի սար է, ինչպես Արագածն ու Արան ՝ մեզ համար։ Սար է, էլի։ Բայց այն թուրքերը, որոնք ծանոթ են հայերի հետ, հոյակապ գիտեն այն ռոմանտիկ կարոտի ու կապվածության մասին, որոնք հայերն զգում են Արարատի նկատմամբ։

Իմ ամենասարսափելի հիշողությունը ռազմական հեղաշրջման փորձն էր, որը տեղի ունեցավ 2016-ի հուլիսին։ Քանի որ իմ հանրակացարանը քաղաքի կենտրոնում է գտնվում, որտեղ երկրի ռազմավարական կարեւոր օբյեկտներն են, ես լսում էի մինչեւ առավոտվա ժամը 6-ը մեր տանիքի վրայով թռչող ռազմական օդանավերի բոլոր հարվածները։ Ամենուրեք խուճապ էր, աղջիկները տուն էին զանգահարում ու հրաժեշտ տալիս հարազատներին։ Մի խոսքով, սարսափազդու տեսարան էր։ Մենք բոլորս հավաքվել էինք ճաշասենյակում, որտեղից հետեւում էինք վերջին նորություններին։

Ընդմիշտ տպավորվել է այն պահը, երբ թուրքական «TRT» ալիքի հաղորդավարուհին ընթերցեց զինվորականների հայտարարությունը, ըստ որի երկրում նոր կարգեր են հաստատվել։ Թուրքիայի պատմությունը փոխվում էր մեր աչքի առջեւ։ Միայն կեսօրին մոտ ես կարողացա քնով անցնել, երբ ռազմական օդանավերի ու ռումբերի հարվածների ձայները դադարեցին: Բացի դրանից, համացանցն արգելափակված էր, այնպես որ անհնար էր որեւէ բան իմանալ։ Երբ ես արթնացա, իմացա, որ կառավարությունը ճնշել է ապստամբությունը, վերականգնել կարգուկանոնը։

Եթե թրքուհիներին համեմատենք հայուհիների հետ, կարող ենք ասել, որ մեր աղջիկներն ավելի կանացի են, իրենց արտաքինին ավելի շատ ժամանակ են հատկացնում։ Թրքուհիների մեծ մասը նախընտրում է ավելի բնական տեսք ունենալ: Այստեղ վաղ առավոտյան այդքան էլ հաճախ չես տեսնի վառ շպարով ու բարձրակրունկ կոշիկներով աղջիկների, որոնք աշխատանքի են գնում։ Սակայն պետք է նկատել, որ իմ թուրք ու քուրդ ընկերներից շատերը, որոնք այցելել են Հայաստան, կարող էին անվերջ խոսել հայուհիների գեղեցկության ու խնամվածության մասին։

Ես շատ եմ այցելել Արեւմտյան Հայաստանի քաղաքներ։ Այնտեղ ծանոթացել եմ իսլամ ընդունած հայերի հետ, որոնք 25-30 տարեկանում են իմացել իրենց հայկական արմատների մասին։ Նրանցից մի քանիսը գոնե մեկ անգամ այցելել են Հայաստան հատուկ ծրագրի շրջանակում։ Կային նաեւ այնպիսիները, որոնք ամբողջովին վերադարձել էին հայկական արմատներին՝ ընդունել քրիստոնեություն ու թուրքական անունը փոխարինել հայկականով։ Ոմանց համար դեռ դժվար է նման քայլի դիմելը ու այդ մարդկանց կարելի է հասկանալ։ Մեզնից յուրաքանչյուրը ի՞նչ կզգար, եթե 25-30 տարեկանում իմանար, որ թուրք է, որ իր երակներով հոսում է այն ազգի արյունը, որի հետ ամենաքիչն ես ուզում ասոցացվել։ Շատ բարդ հոգեբանական պահ է։

Տեղի քուրդ տատիկներից ես իմացել էի, որ նրանց ամբողջ սերունդը դաստիարակվել է մեր «Ռադիո Երեւանը» լսելով։ Հետաքրքիր է, որ Իրաքի քրդերը նույնպես լսում էին այդ ռադիոն։ «Ռադիո Երեւանն» ունի քրդական երգերի ավելի քան 1500 ձայնագրություն ու ժամանակին հազարավոր քրդերի համար եղել է հայրենի երաժշտության միակ աղբյուրը։ «Սա Երեւանյան ռադիոն է ու դուք լսում եք Կարապետ Խաչոյին»,- ունկնդիրները հազարավոր նամակներ են ուղարկում շնորհակալական բառերով ու խնդրելով միացնել իրենց սիրելի երգը։ Երկու տարի առաջ իմ քուրդ ընկերները ինձ հետ Երեւան էին եկել ու առաջին տեղը, ուր մենք գնացինք, հենց «Ռադիո Երեւանն» էր։

Ես սովորում եմ ասպիրանտուրայում՝ թուրքական քաղաքականության հենց օջախում՝ Քաղաքական գիտությունների ֆակուլտետում, որը սկզբում բացվել էր Ստամբուլում, որպես քոլեջ։ Ֆակուլտետը հայտնի է իր ձախ հայացքներով, դրա համար էլ հաճախակի բողոքները ու կամպուսում ոստիկանության ներկայությունը սովորական երեւույթ են։

Հենց այստեղ եմ ես ծանոթացել թուրք ամենաառաջադեմ ակադեմիկոսների հետ, որոնցից մեկը հանրահայտ Բասքըն Օրանն է։ Նա առաջիններից մեկն է սկսել խոսել հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների սխալների մասին, ու հենց նա է «Հայեր, ներեք մեզ» արշավի հեղինակը։ Նրա առարկան կոչվում է «Հայերն ու քրդերը Օսմանյան Կայսրության ու Թուրքական Հանրապետության ժամանակներում»։

Մյուս ցնցող առարկան էր «Թուրքական Հանրապետության նոր կոնստրուկցիաները՝ հայերը, քրդերը, թուրքերը», որի ժամանակ մենք ընթերցում էինք Թաներ Աքչամի գրքերը Հայոց ցեղասպանության ու Հրանտ Դինքի մասին։ Պատասխանատվության այն մակարդակը, որը նրանք զգում էին, նոր սերնդին պատմելով Թուրքիայի իրական պատմությունը, պարզապես ապշեցնում է։ Դա տեսնել է պետք։

4 տարվա մեջ ամենամեծ փորձությունը «Թուրքիայի ու Հայաստանի հայերի կողմից Հայոց ցեղասպանության ընկալման համեմատական ուսումնասիրությունը» թեմայով մագիստրոսական աշխատության պաշտպանությունն էր , որը ես նվիրեցի իմ նախապապերի ու նախատատերի հիշատակին ու Հայոց ցեղասպանության հարյուրամյակին։ Իմ նախնիները Ցեղասպանության ժամանակ Վանից Բասրա էին փախել՝ (քաղաք Իրաքի հարավ – արեւելքում) ու այնտեղից էլ տեղափոխվել Էջմիածին։ Ի վերջո նրանք բնակություն են հաստատել Երեւանում։ Ինձ համար շատ կարեւոր էր գրել Ցեղասպանության մասին աշխատությունը հենց Թուրքիայի մայրաքաղաքում, որտեղ պաշտպանությունից հետո այն ընդգրկվեց ակադեմիական աշխատությունների ընդհանուր բազայում, որը հասանելի է երկրի բոլոր գրադարաններին։

Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ թուրքերի համար շատ կարեւոր է իմանալ հայերի զգացմունքները ու ապրումները, դրա համար էլ նա խորհուրդ տվեց գրքի տեսքով հրապարակել իմ աշխատությունը։ Կարծում եմ՝ մի օր ես կզբաղվեմ դրանով։

«Հայի աչքերով». Բրիտանիայում փակ ակումբներ կան, որոնց անդամ կարող են լինել միայն արիստոկրատները

«Հայի աչքերով». Գերմանացիները դեմ չեն երբեմն կոտրել համակարգը եւ վայելել պահը

«Հայի աչքերով». jeito do brasil, կամ կյանքը հիասքանչ է, ո՞ւր ես շտապում

«Հայի աչքերով». Չեխերը սիրում են սեւ հումորը, կարող են կատակել անգամ դժբախտ պատահարի մասին

«Հայի աչքերով». Իտալացիները ձեւեր չեն թափում, գրեթե անմիջապես «դու»-ի են անցնում եւ անձնական հարցեր տալիս

«Հայի աչքերով».Կորեացիները արձակուրդ հասկացությունը չունեն – հանգստի ժամանակ չկա 

«Հայի աչքերով». Ամեն հինգշաբթի Ամստերդամի բնակիչները փողոց են դուրս բերում անպետք իրերը