Երեխայի տեսակցության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նախկին կնոջ, զոքանչին եւ աներոջ կացնահարության գործով այսօր` ապրիլի 28-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տուժող, նախկին փեսայի կողմից կացնահարված Վաչագան Մանսուրյանը հայտարարեց, որ դեպքը տեղի չէր ունենա, եթե ոստիկանությունն անգործություն չդրսեւորեր: Նա նշեց, որ բազմաթիվ անգամներ ահազանգել է ոստիկանություն, տեղեկացրել, որ Վլադիկ Մարտիրոսյանն անընդհատ հետեւում է իրենց, հանգիստ չի թողնում աղջկան եւ իր ընտանիքի անդամներին: Սակայն, ոստիկանությունն այդպես էլ քայլեր  չի ձեռնարկել դժբախտությունը կանխելու համար:

«Կինս զանգել է ոստիկանություն, ասում է` շենքի մոտ կանգնած է, աղջիկս հիմա տուն է վերադառնալու, եկեք, կանխեք, որ աղջկաս չծեծի: Հարցնում են` ինչ է անում, կինս էլ պատասխանեց էս պահին ուղղակի կանգնած է: Ասում են, եթե ուղղակի կանգնած է, ինու  գանք ու այդպես  էլ չեկան»,-ասաց նա:

Գործով տուժողներ Թագուհի եւ Վաչագան Մանսուրյանների շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատարանին խնդրեց նկատի ունենալ ոստիկանության կողմից անգործություն դրսեւորելու հանգամանքը:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Նշենք, որ նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: