Բրեստի ամրոցի ավելի քան 30 տարբեր ազգությունների պաշտպանների շարքերում եղել են նաեւ հայեր։ Այս պահին տեղեկություններ են պահպանվել ավելի քան 18 հայերի մասին, որոնք եղել են Բրեստի ամրոցի պաշտպաններից։

«Բրեստի ամրոց հուշահամալիր» պետական հաստատությունից NEWS.am–ի թղթակցին հայտնել են, որ Բրեստի   կայազորի զինվորների անձնական կազմի ցուցակները չեն պահպանվել, քանի որ 1941-ի ամռան մարտերի ժամանակ դրանք ոչնչացվել են։ Թանգարանում առկա քարտադատարանները կազմված են վետերանների հիշողությունների, արխիվային տեղեկությունների, զինկոմներից ստացված նյութերի հիման վրա։ Դրա համար էլ այդ ցուցակները ամբողջական չեն։

«Բրեստի ամրոց» հուշահամալիրի աշխատակիցների տեղեկություններով, Հայրենական մեծ պատերազմի նախօրեին Բրեստի կայազորում զինվորական ծառայություն էին անցնում հայեր Հայաստանի Ախուրյանի, Աշտարակի, Գորիսի, Իջեւանի, Կապանի, Լենինանականի շրջաններից , նաեւ Ստավրոպոլյան ու Կրասնոդարի երկրամասերից։

Զինվորականների մեծ մասը ծառայում էր Արեւմտյան հատուկ ռազմական օկրուգի 6-րդ հրաձգային դիվիզիայի 84-րդ հրաձգային գնդում։ Այդ գունդը 1941-ի հունիսի 22-ի դրությամբ տեղակայված էր Բրեստի ամրոցի տարածքում։ Հայտնի են Բրեստի ամրոցի 18 հայ պաշտպանների անունները։ Նրանցից 8-ը զոհվել  են ամրոցի պաշտպանության ժամանակ 1941-ի ամռանը ու նրանց անունները հավերժացված են «Բրեստի հերոսական ամրոց» հուշահամալիրի սալիկների վրա։

1․ Ավագյան Գեդեոն Արսենի, 1919 թ․ ծնված, Հայաստանի Կապանի շրջանի Եչվարդ գյուղից։ 1941-ի հունիսին եղել է սերժանտ, 84-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատարի օգնական

2․ Աղագուլյան Արշավիր Արզումանի, 1918 թ ծնված, Հայաստանի Կապանի շրջանի Չակատեն գյուղից։ 1941-ի հունիսին եղել է շարքային, 84-րդ գնդի վետֆելդշեր։

3․ Առաքելյան Սերգեյ Պավելի , 1919 թ ծնված, Կրասնոդարի երկրամասից։ 1941-ի հունիսին 333 հրաձգային գնդի ավագ սերժանտ։

4․ Բաբալարյան Աշոտ Սամսոնի՝ 1919 թ ծնված, Հայաստանի Գորիս շրջանի Խիձորսկ գյուղից։ 1941-ի հունիսին եղել է սերժանտ, 84-րդ հրաձգային գնդի բաժնի հրամանատար։

5․ Բաղդասարյան Թավադի Արշակի, 1913 թ ծնված, Հայաստանի Կապանի շրջանի Շիկահող գյուղից։ 1941-ի հունիսին ավագ սերժանտ, 84-րդ հրաձգային գնդի մասի հրամանատար։

6․ Գալուստյանց Մկրտիչ Համբարձումի, 1919-ի ծնված, Ադրբեջանի Նախիջեւանի շրջանի Փարաղ գյուղից։ 1941-ի հունիսին եղել է լեյտենանտ , 75-րդ առանձին հետախուզական գումարտակի վաշտի հրամանատար։

7․ Գրիգորյան Վահան Գարեգինի, 1915 թ ծնված, Հայաստանի Կապանի շրջանի Շերվենանց գյուղից։ 1941-ի հունիսին ավագ սերժանտ, 84-րդ հրաձգային գնդի բաժնի հրամանատար։

8․ Նավասարդյան Աշոտ Հայրապետի, 1920 թ ծնված, Հայաստանի Կապանի Ուժենեց գյուղից։ 1941-ի հունիսին ավագ սերժանտ, 84-րդ հրաձգային գնդի վաշտի ավագ։

Պատերազմից հետո ողջ են մնացել

1․ Աղագուլյան Արծվիկ Տիգրանի (1918 – 2003), Կապանի շրջանի Չակաշեն գյուղից, 84-րդ հրաձգային դնդի վետֆելդշեր։ Պատերազմից հետո ապրել է քաղաք Կիսլովոդկսում։

2․ Ոսկանյան Գուրգեն Մարտիրոսի՝ 1914 թ ծնված, Ադրբեջանի Վերին Դաշկեսան գյուղից, 84-րդ հրաձգային գնդի քաղաքական հարցերով ղեկավար։

3․ Մաթեվոսյան Սամվել Մինասի (1912 – 2003), Իգդիրի Ղարաբաղ գյուղից, քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ, 84-րդ հրաձգային գնդի կոմսոմոլային բյուրոյի պատասխանատու քարտուղար։ Պատերազմից հետո բնակվել է Մոսկվայում։

4․ Նուրիջանյան Սոս Բենիամինի  (1920-1968), Կապանի շրջանի Վաչագան գյուղից, 84-րդ հրաձգային գնդի  դասակի հրամանատարի օգնական։ Պատերազմից հետո ապրել է Երեւանում։

5․ Սահակյան Արարատ Ավագի (1911-1993), Լենինականի շրջանի Ջանջուր գյուղից, լեյտենանտ, 125-րդ հրաձգային գնդի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման հարցերով օգնական, պատերազմից հետո ապրել է Մոսկվայում։

6․ Սարգսյան Ասքանազ Ավետիսի (1918 – 1970), Իջեւանի շրջանից, 33 –րդ ինժեներային գնդի բաժնի հրամանատար։ Պատերազմից հետո ապրել է Չեչենո -Ինգուշեթիայի Գրոզնի քաղաքում։

7․ Ստեփանյան Պողոս Սեմյոնի (1914 – 2002), Ադրբեջանի Խանլարի շրջանի Բաքվի 26 կոմիսարներ գյուղից, 125 հրաձգային գնդի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ։ Պատերազմից հետո ապրել է Նիժնի Նովգորոդում։

8․ Թունանով Սուրեն Ալեքսանդրի (1914-2002) , Գորիս քաղաքից, Բրեստի զինվորական հոսպիտալի ատամի տեխնիկ։ Պատերազմից հետո ապրել է Մոլդովայի Տարակլիա քաղաքում։

9․ Խաչումով Արտեմ Աֆանասեւի (1919 -1977) Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքից, շարքային։ Պատերազմից հետո ապրել է Իրկուտսկի շրջանում։

2015-ին Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ՝ Բրեստի շրջանային ու քաղաքային գործադիր կոմիտեների աջակցությամբ Բրեստում խաչքար է բացվել։ Այն պատրաստված է բազալտից ,  գրեթե երկուսուկես մետր բարձրություն ու մոտ մեկ տոննա քաշ ունի։ Այն հայ վարպետներն են պատրաստել, հետո խաչքարն օդանավով Բելառուս է տեղափոխվել ու տեղադրվել Բրեստի ամրոցի Պաշտպանության հերոսներ փողոցում՝ Կայազորային գերեզմանոցի մոտ։ Ավելի քան 60 հազար հայ զինվորներ են մասնակցել Բելառուսի ազատագրմանը, նրանցից յուրաքանչյուր չորրորդը մեկընդմիշտ մնացել է բելառուսական հողում։

Մաթեւոսյան Սամվել Մինասի (1912-2003): Լուսանկարը 1940թ

Հայկական աղքատ ընտանիքի զավակ։ 1936-ին ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտը։ Որպես լեռնային ինժեներ աշխատել է Ղազախստանի ու Հայաստանի հանքերում։

1939-ի դեկտեմբերին նրան զորակոչել են Կարմիր բանակ։ 1941-ի հունիսին եղել է 84 հրաձգային գնդի բյուրոյ պատասխանատու քարտուղար, քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ։ Պատերազմի առաջին րոպեներից ակտիվ մասնակցել է Բրեստի ամրոցի պաշտպանությանը։ Ղեկավարել ամրոցի դարպասների մոտ առաջին հակահարձակումը։ Առաջին իսկ օրը երկու անգամ վիրավորվել է, բայց շարունակե լ է մարտնչել։ Հունիսի 24-ին, ծանր վիրավորումից հետո, նրան գերեվարել են։ 1941-ի աշնանը նա փախել է Բրեստ քաղաքի ռազմագերիների ճամբարից։ Ապրել է Վոլինի շրջանի գրավյալ տարածքում, մասնակցել ընդհատակյա գործունեությանը։ 1944-ի փետրվարին, Վոլինի ազատագրումից հետո, Ս․ Մ․Մաթեւոսյանին զորակոչել են Կարմիր բանակի շարքեր։ Նա մասնակցել է Պրահայի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը։

Բրեստի ամրոցի պաշտպանության համար պարգեւատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Մյուս ռազմաճակատներում իր սխրանքների համար՝ Կարմիր աստղի շքանշանով, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, բազմաթիվ այլ շքանշաններով։

Նուրիջանյան Սոս Բենիամինի (1920-1968): Լուսանկարը 1944 թ․

 

1941-ի հունիսին եղել է սերժանտ, 84-րդ հրաձգային գնդի դասակի հրամանատարի օգնական։ Պատերազմը դիմավորել է ամրոցում, մարտերի ընթացքում վիրավորվել է ու գերեվարվել։ 1941-ի աշնանը փախել է, միացել Կարմիր բանակին։ 142 –րդ հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել է Սեւաստոպոլի պաշտպանությանը, որտեղ նորից է վիրավորվել ու գերեվարվել։ Բայց նրան հերթական անգամ հաջողվել է փախչել։ Ավելի քան մեկ ամիս թաքնվել է Ղրիմի լեռներում, հետո նորից գերեվարվել։ Սոս Նուրիջանյանը անցել է ֆաշիստական ճամբարների տառապալի ուղին՝ Լեհաստանի, ու Ֆրանսիայի տարածքներով։ 1943-ին նորից փախել է գերեվարությունից, միացել Ֆրանսիայում Խորհրդային պարտիզանական գնդի պարտիզաններին։ 1945-ի օգոստոսին հայրենիք է վերադարձել։

Պարգեւատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ կարգի շքանշանով, ֆրանսիական պարգեւներով։ Պատերազմից հետո Երեւանում է ապրել։

Սահակյան Արարատ Ավագի (1911-1993): Լուսանկարը 1941թ.

1941-ի հունիսին ավագ լեյտենանտ, 125-րդ հրաձգային գնդի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման հարցերով օգնական։ Պատերազմի առաջին օրը կազմակերպել է ամրոցից մի խումբ մարտիկների դուրս գալը ։ Նահանջել են դեպի արեւելք։ Շրջափակումից դուրս գալիս՝ 1941-ի սեպտեմբերի 30-ին, գերեվարվել է։ Հետագայում մարտնչել է Հայրենական մեծ պատերազմի տարբեր ճակատներում։

Պարգեւատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի եւ այլ շքանշաններով։ Պատերազմից հետո ապրել է Մոսկվայում։

Թունանով Սուրեն Ալեքսանդրի (1914-2002): Լուսանկարը 1941թ.

1941-ի հունիսին եղել է շարքային, Բրեստի զինվորական հոսպիտալի ատամի տեխնիկ։ Պատերազմը դիմավորել է ամրոցում։ Մարտերի ժամանակ գերեվարվել է։ 1943-ին փախել է։ Եղել է Ա․ Ի Միկոյանի անվան ջոկատի պարտիզան։

Պարգեւատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ կարգի շքանշանով, «Գերմանիայի դեմ հաղթանակի համար» շքանշանով։ Պատերազմից հետո ապրել է Մոլդովայում։

Բաղդասարյան Թավադի Արշակի (1913-1941) ու Գրիգորյան Վահան Գարեգինի (1915-1941, լուսանկարում կանգնած է) ։ Լուսանկարը 1940 թ․

Լուսանկարը 1965-ին Բրեստի ամրոցի պաշտպանության թանգարանին է փոխանցել Թ․Ա․ Բաղդասարյանի դուստրը՝ Ռաիսա Թավադիի Արմակյանը ։ Լուսանկարում երկու հավատարիմ ընկերներ են, որոնք նույն ճակատագրին են արժանացել․․․

Երկուսն էլ Հայաստանի Կապանի շրջանում են ծնվել ու սովորել Բաքվում։ Թ․Ա․ Բաղդասարեւյանը 1939-ին ավարտել է մանկավարժական ինստիտուտը, իսկ Վ․ Գ․ Գրիգորյանը՝ 1937-ին՝ մանկավարժական տեխնիկումը։ Մինչեւ Կարմիր բանակ զորակոչվելը՝ Վահանը ուսուցիչ էր աշխատում, իսկ հետո Կապանի շրջանի Եղվարդ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, իսկ Թավադի Արշակին ուսանողական նստարանից է զորակոչվել բանակ՝ 1939-ի աշնանը։ Ժամանելով ծառայության վայր՝ Բրեստ քաղաք, նրանք միացել են 84-րդ հրաձգային գնդին։ Միասին սովորել են գնդի դպրոցում ու այն ավարտելուց հետո նշանակվել այդ գնդի հրամանատարներ։ Երկուսն էլ Հայաստանում ընտանիքներ էին թողել՝ կանանց ու փոքր դստրերին։ Բաղդասարյան Թավադին ու Գրիգորյան Վահանը մարտնչել են ամրոցում ու զոհվել։ Նրանց անունները հավերժացվել են «Բերստի հերոսական ամրոց» հուշահամալիրի սալիկների վրա։