Մայիսի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ գրկաբաց սպասում են, որ  Մախաչկալայի «Անժիի» 31-ամյա դարպասապահ Դավիդ  Յուրչենկոն կընդունի իրենց  հրավերը և կմիանա Հայաստանի ազգային հավաքականին:

NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Յուրչենկոն ասաց, որ իր համար հաճելի է նման խոսքեր լսելը:

«Ինձ շատ հաճելի է լսել նման խոսքեր ՀՖՖ նախագահի կողմից: Դա մեծ վստահություն ու պատիվ է ինձ համար: Բայց այս պահի դրությամբ դեռ ոչ մի խոսակցություն չի եղել: Ես այդ բոլոր տեղեկությունը ստացել եմ ծանոթներիցս ու ԶԼՄ-ների միջոցով»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք որևէ խոչընդոտ կա՞, որ նա միանա Հայաստանի հավաքականին, Յուրչենկոն արձագանքեց. «Միայն մեկ խնդիր կա՝ ես կդառնամ այստեղ լեգիոներ, բայց դա լուծելի հարց է»:

Մինչ այդ  Մախաչկալայի «Անժիի» 31-ամյա դարպասապահի Հայաստանի ազգային հավաքականին միանալու մասին բազմաթիվ խոսակցություններ կային, բայց նա այդպես էլ չմիացավ թիմին: