Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ: Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԵԱՀԿ Մշտական խորհրդում կազմակերպության երեւանյան գրասենյակի շուրջ տեղի ունեցած զարգացումները։

«ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը, եւ միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը»,- նշել է Բալայանը:

Նրա խոսքով, այսօր ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթ է ունեցել` հայտարարելով, որ, չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ: Ինչպես հունվար ամսին Մշտական խորհրդում կատարած հայտարարության մեջ, այնպես էլ այսօր ավստրիական նախագահությունը բարձր է գնահատել հարցին լուծում գտնելու ուղղությամբ Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը: Հայաստանի մոտեցումներն ըստ արժանվույն են գնահատվել նաեւ այլ մասնակից երկրների  կողմից:

«ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, անդրադարձ է կատարել այն բոլոր քայլերին, որոնք Հայաստանը ԵԱՀԿ նախորդ՝ գերմանական եւ ներկայիս՝ ավստրիական նախագահությունների հետ միասին իրականացրել է երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման նպատակով: Հայկական կողմը նաեւ ներկայացրել է գրասենյակի փակմանն ուղղված Ադրբեջանի նպատակաուղղված գործողությունները, որոնք գնալով ավելի լայն թափ են հավաքել նույնիսկ այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ավստրիական ու գերմանական նախագահությունները հստակորեն հերքել են գրասենյակի հասցեին ուղղված

Բաքվի արհեստածին մեղադրանքները»,- նշել է Բալայանը:

«Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, փաստացի արգելափակելով նաեւ երեւանյան գրասենյակի գործունեությունը, Ադրբեջանը զրկում է ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում լիարժեք առաքելության ներկայությունից, ինչը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ ոչ միայն մեր տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության, այլեւ ընդհանրապես կազմակերպության եւ նրա կառույցների  վրա:

ԵԱՀԿ ավստրիական նախագահության եւ մասնակից երկրների ջանքերը՝ Բաքվին կառուցողական դաշտ վերադարձնելու եւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի բնականոն գործունեությանը չխոչընդոտելու ուղղությամբ, ապարդյուն անցան»,- ասել է նա եւ հավելել. «Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով ոտնահարում է ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները, այդ թվում` հիմնարար ազատությունները,,  եւ այս առումով մշտապես գտնվում է միջազգային քննադատության թիրախում: Իսկ այժմ, խոչընդոտելով նաեւ ԵԱՀԿ գործունեությունը եւ հերթական անգամ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը, Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը` խորացնելով անջրպետը իր եւ քաղաքակիրթ աշխարհի միջեւ»:

Տիգրան Բալայանի խոսքով, «Հայաստանը շարունակելու է գործել որպես  ԵԱՀԿ ակտիվ եւ նախաձեռնող անդամ՝ իր նպաստը բերելով կազմակերպության նպատակների իրականացմանը։ Հայկական կողմը պատրաստ է դիտարկել Հայաստանում ԵԱՀԿ-ի ծրագրերի իրականացման առաջարկները, որոնք  մասնավորապես, հնչեցվել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի ընթացքում»: