Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ իր ափսոսանքն է հայտնում եւ նշում, որ ԵԱՀԿ-ն պետք է գտնի նոր տարբերակներ Հարավային Կովկասում իր գործունեության համար:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Միացյալ Նահանգները ափսոսանք է հայտնում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման համար: Մենք ցավում ենք, որ կորցնում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործունեության համար վերջին հարթակը, քանի որ այդ գործունեությունն անգնահատելի աջակցություն է հյուրընկալող երկրներին, որն օգնում է ամրապնդել հավատարմությունը ԵԱՀԿ սկզբունքներին եւ ստանձնած պարտավորություններին: Այն ապահովում է հակամարտությունների կարգավորումն ու նպաստում կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսությանը:

Մենք գնահատում ենք Գերմանիայի եւ Ավստրիայի նախագահությունների ջանքերը՝ ուղղված Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը փակուղուց հանելուն: Մենք ցավում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց համաձայնել երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը, եթե Գրասենյակը չդադարեցնի ականազերծմանն առնչվող մարդասիրական գործունեությանը: Որպես փոխզիջում, Հայաստանը համաձայնեց, որ Գրասենյակը դադարեցնի այդ գործունեությունը: Չնայած ամիսներ շարունակ ԵԱՀԿ նախագահության գործադրած ջանքերին՝ այն չկարողացավ բոլոր կողմերին բավարարող լուծում գտնել գրասենյակի աշխատանքը երկարաձգելու համար:

Մենք գնահատում ենք Հայաստանի կառավարության համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Երեւանյան գրասենյակը կարեւոր դեր է ունեցել Հայաստանում՝ երկրին օգնելով իրագործել ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները բոլոր 3 ուղղություններով՝ աջակցություն համայնքային ոստիկանության գործունեությանը, 

Աջակցություն հարկային եւ կարգավորիչ բարեփոխումներին եւ աջակցություն իրավապաշտպաններին, կանանց հավասարությանը եւ մամուլի ազատությանը:

Միացյալ Նահանգները կոչ է անում ԵԱՀԿ-ին շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության եւ քաղաքացիական հասարակության հետ: Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ նախագահությանն ու գլխավոր քարտուղարին՝ նոր տարբերակներ գտնել Հայաստանում եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունն ապահովելու համար:

Եվ վերջում, Միացյալ Նահանգներն իր երախտագիտությունն  է հայտնում դեսպան Արգո Ավակովին ու նրա աշխատակազմին հրաշալի աշխատանք կատարելու ու  նվիրումի համար, հատկապես վերջին ամիսներին, երբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ապագան անորոշ էր: մենք նրանց հաջողություն ենք մաղթում իրենց հետագա նախաձեռնություններում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016 թվականի դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ մշտական խորհրդի լիագումար նիստի ժամանակ Ադրբեջանը պնդել է, որ չի պատրաստվում համաձայնել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշմանը: