ՀՀ արդարադատության նախարարությունում, նաեւ ռուսական կողմի հետ  քննարկվում է ՌԴ քաղաքացի, ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով ռուսական մամուլի տեղեկություններին, որ Պերմյակովն իր պատիժը կրելու է Ռուսաստանում:

«Հաշվի առնելով, որ առկա է իրավիճակ, երբ նշված անձի վերաբերյալ կան և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված վճիռներ, բնականաբար, այդ քննարկումները ներկայում իրականացվում են նաև ռուսական կողմի հետ՝ նպատակ հետապնդելով գտնելու անհրաժեշտ իրավական լուծումներ պատժի կատարումն ապահովելու համար:

Կայացված որոշման վերաբերյալ Արդարադատության նախարարությունը կտեղեկացնի հանրությանը»,-ընդգծեց Քոչարյանը:

Նշենք, որ ավելի վաղ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանի ներկայացուցչին, հայտնել էր, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանում։ «Իհարկե, նա իր պատիժը կրելու է Ռուսաստանում»,- ասել է պաշտոնյան: