«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ոչ մեկը չի գնա: Մայիսի 5-ին՝ լրագրողների հետ զրույցում ասաց 6-րդ գումարման ԱԺ նորընտիր պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը: «Ես մանդատը վերցնում եմ եւ Ազգային ժողով գնում»,- ընդգծեց Ազիզյանը:

Ի պատասխան հարցին՝ այս գործընթացին խառնվա՞ծ են քաղաքական մյուս ուժերը, մասնավորապես՝ իշխող Հանրապետական կուսակցությունը, նա նշեց. «Ո՞վ կարող է ինձ ուղղորդել: Գագիկ Ծառուկյանի դեմ ոչ մեկը չի գնա: Բոլորը նրա կողքին կկանգնեն»:

Հստակեցնող այն հարցին, թե այսինքն՝ ինքը կհամագործակցի՞ «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության հետ, Նապելոեն Ազիզյանը պատասխանեց. «Անպայման, իհարկե, բա էլ ում հետ պետք է լինեմ: Ոչ միայն ես, այլեւ բոլորը կլինեն Ծառուկյանի թիմում, քանի որ եթե Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն չվերադառնար, մեզնից ոչ մեկը խորհրդարանում չէր լինի»:

Անդրադառնալով NEWS.am-ի այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ մանդատներից չհրաժարված պատգամավորները խախտել են քաղաքական պայմանավորվածությունը եւ ոտնատակ են տվել մարդկային հարաբերությունները, Ազիզյանն ասաց. «Մենք ոչ մի բան չենք խախտել, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ շատ լավ է, եւ ես այսօր մանդատ կստանամ»:

Հարցին՝ հաշտվե՞լ եք, արդեն ամեն ինչ Ծառուկյանի հետ համաձայնեցվա՞ծ է, պատգամավորը պատասխանեց. «Բայց, հաշտեցման հարց չի էլ եղել: Ամբողջ քարոզարշավի ընթացքում Ծառուկյանն ինձ աջակցել է՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյական տեսակետից: Բնականաբար, ես նրա կողքին կլինեմ»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում «Ծառուկյան» դաշինքից ընտրված 23 պատգամավորներից 12-ը հրաժարվել են ինքնաբացարկի ավելի վաղ ներկայացրած դիմումներից: