Մայիսի  5-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը  եւ Իզմիրլյան հիմնադրամը կնքել են նոր հուշագիր Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատանն օժանդակելու համար:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով համագործակցության շարունակականությունը՝  նախարար Արտեմ Ասատրյանը  արժեւորել է նախորդ հուշագրի շրջանակներում անցած տասը տարիների ընթացքում կատարված աշխատանքները եւ վստահեցրել, որ շարունակական համագործակցությունը կնպաստի շուրջօրյա խնամքի հաստատության  պայմանների եւ երեխաների կյանքի որակի բարելավմանը:

Հուշագրի համաձայն Հիմնադրամը կիրականացնի շինարարական աշխատանքներ, որոնց շնորհիվ մանկատան տարածքն էլ ավելի հասանելի եւ մատչելի կդառնա սահմանափակումներ ունեցող երեխաների համար: Հիմնադրամը նաեւ կավելացնի նախկինում սահմանված տարեկան պահպանման ֆոնդը առաջիկա տասը տարվա համար:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հաստատության այլ խնդիրների լուծմանը  վերաբերող հարցեր: