«Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած եւ մանդատ ստացած 8 պատգամավորները չեն կարող ԱԺ-ում առանձին խումբ ձեւավորել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը:

Նրա խոսքով, ԱԺ կանոնակարգ օրենքով նրանք կարող են «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից դուրս գալ, բայց դա չի նշանակում, որ հարկադրված կլինեն վայր դնել մանդատները: Խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված անդամները չեն կարող ձեւավորել խումբ, նրանք կարող են հադես գալ որպես անկախ պատգամավորներ:

«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, խմբակցության անդամները կարող են դադարեցնել իրենց մասնակցությունը խմբակցությանը: Դա կարող են անել կամ գրավոր դիմում ներկայացնելով, կամ ԱԺ նիստի ժամանակ այդ մասին հայտարարելով:

Խմբակցությունը եւս կարող է իր անդամներին հեռացնել իր կազմից, բայց դրա համար պետք է ունենա կանոնադրություն, որը պետք է հաստատեն հենց խմբակցության անդամները: Հենց այդ կանոնադրությամբ է հաստատվում հեռացնելու կարգը: Երբ կհաստատեն կանոնադրությունը, կարող են հեռացնել խմբակցության անդամին կամ անդամներին»,-ընդգծեց Գեւորգ Դանիելյանը:

Ինչ վերաբերում է խմբակցությունից հեռացած կամ հեռացված պատգամավորների լիազորություններին, Գեւորգ Դանիելյանն ասաց. «Եթ այդ անձինք ԱԺ նախագահ կամ փոխնախագահ են ընտրվել տվյալ խմբակցության կողմից, ապա խմբակցության անդամության դադարելուց հետո նրանք պետք է թողնեն իրենց պաշտոնը: Եթե նրանք այդ պաշտոններում ընտրվել են ոչ տվյալ խմբակցության կողմից, ապա կարող են շարունակել պաշտոնավարել»:

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների պաշտոնների պարագայում նույնպես նրանք պետք է թողնեն իրենց պաշտոնները, քանի որ այդ պաշտոններում ընտրվում են բացառապես խմբակցությունների կողմից:

Սակայն եթե խմբակցությունից հեռացած կամ հեռացված անդամը ԱԺ հանձնաժողովի անդամ է, ապա նրա անդամությունը դադարեցվում է միայն այն դեպքում, եթե տվյալ խմբակցությունն այլ թեկնածուի է նշանակում. «Նույնիսկ այդ դեպքում խմբակցությունից հեռացած անդամը կարող է պաշտոնավարել, եթե այդ հանձնաժողովում թափուր տեղ է մնում: Նույնիսկ եթե թափուր տեղ չկա այդ հանձնաժողովում, բայց կա մեկ այլ հանձաժողովում, նա կարող է դիմել ԱԺ նախագահին եւ նրան կարող են նշանակել այլ հանձնաժողովում»:

Հատկանշական է, որ նախկինում ԱԺ խմբակցությունից դուրս գալու դեպքում պատգամավորը ստիպված էր վայր դնել մանդատը: Այդ կարգը չէր վերաբերում միայն համամասնական ցուցակի առաջին 3 հորիզոնականները զբաղեցնող պատգամավորներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, որից 12-ը փոշմանել էին եւ հետ էին վերցրել իրենց դիմումները: Այդ 12-ից 8-ը պատգամավորի մանդատ է ստացել, մյուս 4-ը չեն ընտրվել:

Ըստ մամուլի տեղեկությունների «Ծառուկյան» դաշինքում քննարկում են այդ պատգամավորներին խմբակցությունից հեռացնելու հարցը, քանի որ դեմ են գնացել Գագիկ Ծառուկյանի որոշմանը եւ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությանը: