Խախտվել են քաղաքական պայմանավորվածություններ, միգուցե մարդկային պայմանավորվածություններ, այդ ամենին պետք է լուծումներ գտնել, որպեսզի հավասարակշիռ վիճակի գա: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով նրան, որ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից 12-ը, դեմ գնալով «Ծառուկյան» դաշինքի ղեկավարության որոշմանը, հետ են վերցրել իրենց ինքնաբացարկի դիմումները եւ նրանցից 8-ը պատգամավորի մանդատ է ստացել:

Նա դա համարեց ներկուսակցական խնդիր, իսկ հարցին, թե ում կողմից է խախտվել պայմանավորվածությունը, նաեւ Գագիկ Ծառուկյանի՞, Մելքումյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանի կողմից չի կարող պայմանավորվածություն խախտվել: Որոշակի պայմանավորվածություններ նախընտրական փուլում եղել են: Հիմա պետք է վերաիմաստավորել, վերլուծել, թե որտեղ ինչն է խախտվել, որպեսզի հետագայում հընթացս սխալներ չկրկնվեն»:

Հարցին, թե դուք այդ 8 հոգուն ձեր քաղաքական թիմի անդա՞մ համարում եք, Միքայել մելքումյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Այնտեղ, որտեղ քաղաքական պայմանավորվածություն խախտվում է, նշանակում է ընտրական գործընթացի ժամանակ պետք է արդյունքներ լինեին: Հիմա եթե եղած արդյունքները պայմանավորվածություններից շեղվել են, ուրեմն պետք է գնահատական տրվի, վերաբերմունք լինի»:

Նա չհերքեց, որ այդ պայմանավորվածությունների մեջ եղել է որոշակի քանակի ձայն բերելը: Իսկ դիտարկմանը, որ նոր ստեղծված խմբակցությունն արդեն իսկ փլուզվո՞ւմ է, պատգամավորն  արձագանքեց. «Իսկ ով ասեց, որ փլուզվում է, նման խնդիրներ չկան»: