ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել նոր Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը: (ֆոտոռեպորտաժ)

Պատգամավորական մանդատները խորհրդարանականներին հանձնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հանդիսավոր արարողությանը ներկա չէին ԱԺ նախկին խոսնակ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Մուրադ Մուրադյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Արման Սաղաթելյանը, «Ծառուկյան» դաշինքից Գագիկ Ծառուկյանը, Արայիկ Աղաբաբյանը, Խաչիկ Մանուկյանը, Իշխան Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, «Ելք» դաշինքից ընտրված բոլոր պատգամավորները։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ելք» դաշինքի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց  քաղաքական ուժի պատգամավորների բացակայության պատճառն այն էր, որ հիմա նրանք շփվում են ընտրողների հետ ու քարոզարշավ են իրականացնում։

Հիշեցնենք, որ 6-րդ գումարման Ազգային ժողովն ունենալու է 105 պատգամավոր, նրանցից 4-ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են՝ Ռուստամ Մահսուդյանը (եզդիական համայնքից), Կնյազ Հասանովը (քրդական համայնքից), Արսեն Միխայլովը (ասորական համայնքից), Տատյանա Միքայելյանը (ռուսական համայնքից)։

Նոր խորհրդարան են անցել 4 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը եւ ՀՅԴ-ն: Նոր խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին եւ 7-ը՝ ՀՅԴ-ին: