Նոր խորհդարանի պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը անակնկալ է պատրաստել եւ շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու խորհրդարանում: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում մանդատների հանձնման արարողության ժամանակ:

«Ես անելու եմ անակնկալ, շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություն է լինելու, որի մասին հիմա չեմ ուզում բարձրաձայնել: Դատաիրավական ոլորտին է վերաբերելու»,-ասաց նա:

Միհրան Պողոսյանը չի կիսում տեսակետը, որ նոր խորհրդարանը պակաս ինտելեկտուալ է. «Ես կարծում եմ, որ մենք ունենք բավականին հմուտ խորհրդարան, ձեւավորվել է խորհրդարան, որը բաղկացած է մարդկանցից, որոբնք եւ ունեն տեսական գիտելիքներ, եւ մարդիկ, որոնք ունեն պրակտիկ գիտելիքներ»:

Հարցին, թե ո՞ր դեպքում դեմ կքվեարկի ՀՀԿ-ի դիրքորոշմանը, նա պատասխանեց. «Այն դեպքում, երբ հստակ իմ կարծիքն ունենամ եւ գնահատականն այդպես տամ: Կուսակցությունն առաջնահերթ է, բայց ես իմ կարծիքն արտահայտելու եմ»:

Անդրադառնալով «ՍԱՍ գրուպում» հայտնի ձայնագրությանը, նա նշեց. «Շատ հարցականներ կան այդ ամենի մեջ: Ես վստահ չեմ, որ այդ ամենն իրականություն է: Համապատասխան մարմինները թող զբաղվեն, պատասխանները տան»:

Ինչ վերաբերում է ընտրությունների ժամանակ իր ծախսած գումարներին, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը նշեց. «Նորից ու նորից ուզում եմ ասել, որ ընտրությունների վրա գումարներ ծախսել է Հանրապետական կուսակցությունը սահմանված կարգով, ինչքան որ պետք է ծախսվեր: Գոյություն ունի համապատասխան չափ, եւ ՀՀԿ-ն այդ չափով ծախսել է, այդ ամենը բաց է, կարող եք բացել ու տեսնել»: