Ամեն դեպքում Ազգային ժողովում ծուռումուռ մի բան չեմ անի, փափկասուն չեմ լինի, ոչ էլ խիստ ենթարկվող, որ ինչ-որ ցուցումներ լինի՝ էսպես ես անում, էնպես ես անում: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ ցուցակով ընտրված, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Սեփական հայացքներս կարողանալու եմ ինչ-որ կերպ դրսեւորել, որը տեսանելի կլինի: Ես հասկանում եմ՝ ինչ ասել է իշխանության պատգամավոր, ամեն դեպքում ես ինքնուրույնությունից զրկվել չեմ պատկերացնում չեմ էլ ուզում: Ինքնուրույն նախաձեռնություններով հանդես կգամ, պասիվ չեմ լինի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Արարատի մարզում ՀՀԿ-ի թեկնածուներից առաջատարը Արայիկ Գրիգորյանն (Ավշարի Արայիկ) էր, իսկ ինքն ավելի քիչ ձայն է հավաքել, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Եկեք պատճառների մասին չխոսեմ, բոլոր դեպքերում թիմային աշխատանք է եղել, այնպես չի, որ ես այդ ձայների մեջ իմ մասը չունեմ»:

Իսկ Արտաշատի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ էլ Ալիկ Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ի մասնակցության մասով դեռեւս որոշում կայացված չէ. «Որոշում կլինի, տեղյակ կպահենք ձեզ»:

Նշենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր, հետեւաբար նոր ընտրություններ են տեղի ունենալու Արտաշատում: