«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մայիսի 5-ին, չէր եկել Կառավարության ընդունելությունների տուն, որտեղ տեղի էր ունենում նոր ԱԺ-ի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը:

Ներկա չէին նաեւ «Ծառուկյան» դաշինքից ընտրված այն 8 պատգամավորները՝Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը,  Արտեմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը,  Վահան Կարապետյանը, որոնք դեմ դուրս գալով դաշինքին եւ նրա առաջնորդին, հետ էին վերցրել ինքնաբացարկի դիմումները եւ որոշել, որ պետք է վերցնեն պատգամավորի մանդատները:

ՀՀԿ ցուցակով թիվ 2 ընտրական տարածքից ընտրված պատգամավոր Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) թեեւ ներկա էր արարողությանը, սակայն երբ հնչեց իր անունը, նա չմոտեցավ եւ չվերցրեց մանդատը:

Ի դեպ, «Ելք» դաշինքից ընտրված 9 պատգամավորները եւս չէին ներկայացել արարողությանը:

Նշենք, որ նոր խորհրդարան են անցել 4 քաղաքական ուժեր ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31 մանդատ), «Ելք» դաշինքը (9 մանդատ) եւ ՀՅԴ-ն (7 մանդատ):