«Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար թեկնածության որոշման հարցը քննարկման փուլում է։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է 6-րդ գումարման ԱԺ-ի՝ «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր, դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Այն հարցին, արդյոք դաշինքում մտադիր են թեկնածու առաջադրել ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար, նա պատասխանել է «Չեմ կարող ոչ մի որոշակի բան ասել։ Այդ հարցով քննարկումներ են ընթանում, ու հենց լինի որոշում՝ այն կներկայացվի լրատվամիջոցներին»։
«Ծառուկյան» դաշինքից մեկ այլ պատգամավոր Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ զրույցում նույնպես նշել է, որ փոխխոսնակի պաշտոնի համար թեկնածու հարցը դեռ որոշված չէ։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ նոր ԸՕ-ի, խորհրդարանն ունենալու է 3 փոխխոսնակ։ ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը։