Կառավարության ընդունելությունների տանն այսօր՝ մայիսի 5-ին, պատգամավորի մանդատներ ստանալուց առաջ, ՀՀԿ ցուցակով թիվ 2 ընտրական տարածքից պատգամավոր ընտրված Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին «ՍԱՍ-գրուպի» ժողովի ժամանակ արված աղմկահարույց ձայնագրությանը:

«Հիմա չեմ պատասխանելու, իզուր տեղը մի տանջվի, դե ես պոկվա»,- ասաց նա հեռացավ դեպի վերելակը:

Հարցին, թե Դուք էլ եք կարծո՞ւմ, որ վատ բան եք արել, դրա համար եք խուսափում պատասխանից, նա միայն ասաց. «Ցտեսություն ձեզ»:

Արդեն վերելակի մոտ թիկունքով կանգնել էր լրագրողներին եւ սպասում էր վերելակին, իսկ լրագրողները շարունակում էին հարցերի տարափը. «Ճի՞շտ է, որ աղմկահարույց ձայնագրության մեջ ժողովը վարողը Ձեր եղբայրն էր», «Այդ ամենից հետո հնչում էր տեսակետ, որ ճիշտ կլինի մանդատը չվերցնեք», «ամեն դեպքում՝, Փարիզ գնա՞ց այն աշխատակիցը, որ շատ ձայն էր բերել», «Դուք էլ եք կարծո՞ւմ, որ սա ինչ-որ մեկի սարքածն է», «հմբողջ հանրությունը խոսում է, որ դուք ստորացնում եք ձեր աշխատակիցներին, ասելիք չունե՞ք», «Ձեզ քրեական գործով հարցաքննել են», «հնարավո՞ր է ձեզ ձերբակալեն»:

Այս բոլոր հարցերը մնացին անպատասխան, վերելակը եկավ, եւ Արտակ Սարգսյանը «շնորհակալություն» ասելով բարձրացավ վերեւ: