Ընդդիմություն դեռ չի նշանակում դեմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը, ով նախկինում ՀՀԿ-ական պատգամավոր էր:

Հարցին, թե ինչպե՞ս է իրեն պատկերացնում ընդդիմության դերում, արդյոք պատրաստվում է դեմ քվեարկել ՀՀԿ-ի ներկայացրած նախագծերին, նա պատասխանեց. «Ես այդպիսի բան չասացի. Ընդդիմություն դեռ չի նշանակում դեմ: Ընդդիմություն նշանակում է, որ յուրաքանչյուր դաշինք, կուսակցություն ունի իր ծրագրերը, իր նախաձեռնությունները, որով հանդես կգա խորհրդարանում: Եթե նախագծերը այնպիսին են, որ պիտի ծառայեն այս երկրին, այս պետությանը, ինչի՞ պետք է դեմ քվեարկենք»:

Հարցին, թե Հովիկ Աբրահամյա՞նը հորդորեց դուրս գալ ՀՀԿ-ից, Կարինե Պողոսյանը պատասխանեց. «Ո՞վ այդպիսի բան ասաց, ոչ: Որոշումն իմն է, ես այդպես որոշեցի: Թողեք ստանամ մանդատս»:

Նա նշեց նաեւ, որ ինքն  անկուսակցական է, ՀՀԿ-ի հետ ունի շատ մարդկային, նորմալ հարաբերություններ:

Նշենք, որ Կարինե Պողոսյանը նախորդ ընտրություններում ընտրվել էր ՀՀԿ ցուցակով, սակայն երբ Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ ՀՀԿ-ից, Կարինե Պողոսյանը եւս լքեց ՀՀԿ-ն եւ պատգամավորի թեկնածու առաջադրվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով: