Մանդատից հրաժարվելու դիմումները ստորագրելիս «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորներն էլ տեղյակ են եղել՝ ինչ բովանդակությամբ թուղթ են ստորագրում։ Այս մասին այսօր՝ մայիսի 5–ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր  Վարդեւան Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ինքը նույնպես նման փաստաթուղթ է ստորագրել։

«Դա պրակտիկայում միշտ էլ եղել է բոլոր ընտրություններին։ Դուք էսօր ձեզ չիմացողի տեղ եք դնում։ Երեւի հետո մեկը հուշել է, որ կա ժամկետ, որի ընթացքում կարող եք դիմումը հետ վերցնել»,– ասաց Վարդեւան Գրիգորյանը։

 Նա համոզմունք է հայտնել, որ «Ծառուկյան» դաշինքում պառակտում չի լինի, քանի որ դաշինքը ստեղծվել է ԲՀԿ–ի հիմքի վրա։ Վարդեւան Գրիգորյանի կարծիքով՝ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում կլինի ընդդիմություն. «Բայց դա չի նշանակում, որ պետք է միտումնավոր դեմ քվեարկենք ազգօգուտ օրինագծերին»։