«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը վստահեցնում է, որ ինքը գործում է առանձին եւ չգիտի՝ Գագիկ Ծառուկյանի որոշման դեմ ընդվզած ու մանդատները հետ ստացած ութ պատգամավորը դրանք վայր դնելու են, թե ոչ:

«Ես գործում եմ առանձին, իմ հարցերը լուծում եմ առանձին, ես ոչ մեկի հետ կապ չունեմ՝ ով ինչ ա անում, ով ինչ ա որոշում»մ- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ազզիյանն ու շարունակեց. «Իմ ֆինանսավորումը իրականացրել ա Գագիկ Ծառուկյանը: Չգիտեմ՝ Էդ ինչ պիտի լինի, որ Ծառուկյանն ինձ ասի՝ չէ, դու չես գնա աշխատես Ազգային ժողովում, բայց որ լինի, չեմ կարա իր խոսքը մերժեմ»:

Դիտարկմանը՝ Ծառուկյանի որոշման դեմ գնացող եւ մանդատները պայքարով ստացած պատգամավորների արժանապատվությունը չի՞ խոցվում, որ Ծառուկյանի թելադրանքով կրկին պիտի վայր դնեն այդ մանդատները, Նապոլեոն Ազիզյանն ասաց, որ նրանք եւ, առհասարակ, բոլորը Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու շնորհիվ են դարձել պատգամավոր:

«Ես գնալու եմ աշխատանքի եւ բացի Ծառուկյանից ինձ ոչ մեկը ոչ մի բան ոչ կարող է թելադրել, իսկ եթե Ծառուկյանը գտնի, որ իմ աշխատելը նպատակահարմար չի, ես էդ ժամանակ կդնեմ մանդատը: Ես էլի եմ ասում՝ ես չգիտեմ՝ մյուսները ինչ են անում, ես ոչ մեկի հետ չեմ հանդիպել, չեմ խոսել, ես առանձին եմ գործում»,-ասաց Ազիզյանը: 

Նշենք, որ տեղեկություններ են տարածվել, որ Ծառուկյանի որոշման դեմ ընդվզած եւ մանդատները հետ պահանջած ութ պատգամավորը վայր են դնելու դրանք: ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը արդեն իսկ հայտարարել է, որ ԱԺ հենց առաջին նիստի ժամանակ վայր է դնելու մանդատը: