Հանրապետական կուսակցության պատգամավոր Արթուր Գեւրգյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն ու իր կուսակից Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), ընկերներ են եւ չէր կարող ինքը լինել հայտնի աղմկահարույց ձայնագրության հեղինակը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից  հետո համացանցում հայտնվեց սկանդալային ձայնագրություն, ըստ որի Արտակ Սարգսյանի եղբայրը «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներին ստորացնելով՝ պահանջում էր  ՀՀԿ-ի օգտին ձայներ  ապահովել: Հրապարկվելուց հետո մեկնաբանություններ եղան, թե դա Արթուր Գեւորգյանի ձեռքի գործն է, քանի որ նրա ընտրվելը կախված էր այդ ընտրատարածքում իրեն քվեներով գերազանցած թեկնածուների՝ Արման Սահակյանի կամ Արտակ Սարգսյանի ինքնաբացարկից: Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը առաջին տեղում էր, Արտակ Սարգսյանը՝ երկրորդ, իսկ Արթուր Գեւորգյանը՝ երրորդ: Եթե Արտակ Սարգսյանը մանդատը վայր դներ այդ սկանդալից հետո,  Արթուր Գեւորգյանը կդառնար պատգամավոր: Սակայն ավելի ուշ  ինքնաբացարկի դիմում ներկայացրեց Արման Սահակյանը, ինչի արդյունքում Արթուր Գեւորգյանը կրկին հայտնվեց խորհրդարանում:

«Ես ժպիտով կպատասխանեմ այդ մեղադրանքներին,  Արտակ Սարգսյանն իմ  ընկերն է»,-ասաց Արթուր Գեւորգյանը՝ նշելով, որ լրատվամիջոցներն անհարկի իր անունը շրջանառեցին այդ սկանդալային ձայնագրության գործով: 

Թե ինչպես ստացվեց, որ ազդեցիկ լծակների տիրապետող ոստիկանապետի փեսան հայտնվեց 3-րդ տեղում, Արթուր Գեւորգյանը  պայմանավորեց ժողովրդի կամքով:

Հարցին՝ Վլադիմիր Գասպարյանի գործոնը չօգնե՞ց իրեն, նա պատասխանեց. «Ուրեմն չեն գործել լծակները, ամեն ինչ արդար է եղել, ժողովուրդն է ընտրել»: