Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին  պետ, ՀՀԿ-ի տարածքային ցուցակով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը խոստանում է առաջիկայում լավ կողմերից բացահայտվել հանրության համար եւ չի թաքցնում, որ վատ կողմից բացահայտված ամենաթարմ դեպքը՝ օֆշորային սկանդալը, հետքը թողեց ընտրության շրջանում՝ բացասաբար ազդելով իր հեղինակության վրա: NEWS.am-ի հետ զրույցում Միհրան Պողոսյանը խոստովանել է նաեւ, թե ինչի հետեւանքով է ողջ կյանքում տուժել:

Պարոն Պողոսյան,  շատերը նշում են, որ ընտրությունների ընթացքում իրականացան այն կանխատեսումները, որ նոր ընտրական օրենսգրքի «ռեյտինգային» ընտրակարգը թշնամացնելու է թիմակիցներին, քանի որ մրցակցությունը հենց նույն ուժի ներկայացուցիչների միջեւ էր ընթանալու:  Ըստ որոշ տեղեկությունների՝ Ձեր եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարաբերությունները նույնպես լարվեցին այդ մրցակցության հետեւանքով, ընտրություններից հետո ինչպե՞ս են:

Ես ու Տարոն Մարգարյանը ընկերներ ենք, ինչի մասին ես մի քանի անգամ ասել եմ, քանի անգամ պիտի ասեմ, որ մեր միջեւ իրոք խնդիր չկա… Ախր ամբողջ կյանքս ես տուժել եմ պրյամոյ խոսելու համար: Գոյություն ունեն մրցակցային շահեր, որը որ ընտրության պարագայում ամենքի թիմը փորձել է իր շահից ելնելով որոշակի արդյունքի հասնել, ցանկացած թիմ փորձում է մաքսիմալ իր արդյունքը ունենալ եւ իր թիմի լիդերին ներկայացնել էն արդյունքը, որը ցանկալի է իր համար, չէ՞ որ մենք ունենք ավելի բարձր շահ՝ կուսակցական շահը, որը ցանկացած խնդիր լուծում է, կուսակցական շահն է եղել Հանրապետականի մաքսիմալ շահը:

Հանրության շրջանում Դուք ավելի հայտնի էիք զբաղեցրած պաշտոնով, բիզնես գործունեությամբ, քան Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը, ինչո՞վ եք բացատրում այն, որ Դուք ավելի պակաս քվե ստացաք, քան Սարգսյանը:

Դե երեւի ժողովուրդը իրան ավելի շատ ա սիրում…

Իսկ Տարոն Մարգարյանի վարչական ռեսուրսնե՞րը…

Տարոն Մարգարյանի վարչական ռեսուրսները օգտագործվել է ամբողջ Հանրապետական կուսակցության համար: Ես կարծում եմ, որ եթե Ռոբերտ Սարգսյանը 27 հազար ձայն ա հավաքել, Պողոսյան Միհրանը՝ 20 հազար, ուրեմն Ռոբերտ Սարգսյանը ավելի շատ համակիրներ ունի:

Ինչո՞ւ են նրան ավելի շատ համակրում, քան Ձեզ:

Երեւի կարողացել է ավելի լավ կողմերից արտահայտվել ժողովրդի մոտ, որը որ Պողոսյան Միհրանը չի կարողացել, ես հույս ունեմ, որ ժամանակը կգա, բոլորս երիտասարդներ ենք, դեռ կկարողանանք լավ կողմերից բացահայտվել մեր ժողովրդի մոտ:

Դուք լավ կողմերից ինչպե՞ս կարող եք բացահայտվել, օրինակ, խորհրդարանում:

Այդ գնահատականը ինքներդ կտաք, համենայնդեպս դուք, հանձինս ինձ, չեք տեսնի պատգամավորի, որը որ նիստերին չի գալու, չի խոսելու ու կարծիք չի արտահայտելու, եւ որը աթոռը ծանր պահելու համար է լինելու…

Իսկ Ձեր անվան հետ կապված օֆշորային սկանդալը ինչպե՞ս անդրադարձավ Ձեր հեղինակության վրա:

Օֆշորային սկանդալը լավ կազմակերպված շոու էր եւ, բնականաբար, այն որպես բացասական երեւույթ՝ չէր կարող չազդել այն ընտրարշավի վրա, որը որ անցկացրեցինք, բայց փառք Աստծո, որ 20 հազար հոգի եկավ իմ հետեւից: