Ծառուկյան դաշինքից Արարատի մարզում պատգամավոր ընտրված Տիգրան Ստեփանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Արարատի մարզում Ծառուկյանին խոստացած ձայներից մի բան էլ ավել քանակ է ապահովել:

Նշենք, որ Ծառուկյան դաշինքի ութ ընտրված թեկնածուի ինքնաբացարկի դիմումը դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել, քանի որ այդ թեկնածուները խոստացածից պակաս ձայն էին ապահովել կուսակցության օգտին: Տիգրան Ստեփանյանը չկա այդ ցանկում եւ չցանկացավ խոսել թիմակիցների հետ կատարվածի մասին:

«Մենք ըստ տեղամասի ենք պայմանավորվել եւ 11տեղամասում մենք հավաքել ենք 20 հազար ձայն: Որքան ձայն խոստացել եմ, դեռ մի բան էլ ավել եմ ստացել»,-ասել է Տիգրան Ստեփանյանը՝ նշելով 17 հազար էին խոստացել, բայց իրենց տարածքում 20 հազար են ապահովել:

Անդրադառնալով այդ մարզում իրենց թիմակից Արգամ Աբրահամյանի ապահոված բարձր տոկոսին, ասել է. «Բնական է, պարոն Աբրահամյանը ավելի բարձր ռեյտինգ ունի»:

Տիգրան Ստեփանյանը նշել է, որ այդ պատգամավորների հետ ԱԺ-ում համագործակցությունը կախված է Ծառուկյանի որոշումից: