Հայ ազգային կոնգրեսի՝ խորհրդարանում չլինելու հետ կապված իշխանության ներկայացուցիչների, այսպես կոչված, ափսոսանքը կորկորդիլոսյան արցունքներ են։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

«Նրանց կյանքի իմաստն ու նպատակն էր, որ Կոնգրեսը հանկարած խորհրդարանում չհայտնվի եւ իրենք այդ նպատակին հասան ընտրակեղծարարության գնով։ Պարտությունը ընտրակեղծարարության հետեւանքով չեմ համարում կորուստ, դա իրականում, այ, մի օր մաքուր ընտրություններում կմրցակցենք, կտեսնենք՝ իրենցից ի՞նչ է մնում, այդ օրը կգա եւ մաքուր ընտրություններում, հավասար պայմաններում, իրենից բան չենք թողնի»,–ասել է Լեւոն Զուրաբյանը։

Նա նշել է, որ որպես արտախորհրդարանական ուժ՝ ՀԱԿ–ի օրակարգը նույնն է՝ շարունակելու են պայքարը եւ հասնելու են հաղթանակի։

«Մեր օրակարգը նույնն է, ասում ենք, որ միեւնույն է, մենք հասնելու ենք հաղթանակի եւ թույլ չենք տա, որ մեր ժողովուրդը էսպիսի վիճակում հայտնվի, համատարած կոռուպցիայի մեջ, երբ մարդկանց չեն թողնում աշխատել, երբ արդարադատության սկզբունքները քայքայված են, մարդիկ արտագաղթում են։ Բնականաբար, վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սկզբունքային վճառական կորիզը շարունակելու է պայքարը եւ հասնելու ենք հաղթանակի»,–ասել է ընդդիմադիր գործիչը։